«Մի՛ ուրացիր»կարգախոսով ավանդական Ջահերով երթը Հանրապետության հրապարակից մեկնարկեց ժամը 19։15-ին։
Մասնակիցները կեսգիշերին հասան Ծիծեռնակաբերդի բարձունք՝ իրենց խոնարհումը բերելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Երթի մասնակիցները նախ Տերունական աղոթք հղեցին առ Աստված, ապա Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ուղերձ հղեց նրանց և հայ ժողովրդին՝ պատգամելով՝ որքան էլ դրսից ու ներսից մեր պատմությունը վերանայելու պահանջներ դրվեն, մենք չենք կարող ջնջել մեր հիշողությունն ու հրաժարվել արդարության հաղթանակի հասնելու մեր ձգտումից։
«Չե՛նք կարող մեր հիշողությունը նվիրաբերել Մամոնային, չե՛նք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընծայարանին, չե՛նք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել։ Մշտապես պահանջատերն ենք լինելու արդարության հաղթանակի»,- շեշտեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։