Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նրանք, ովքեր կարդալ չգիտեն, չեն գողանում, իսկ նրանք, ովքեր կարդալ գիտեն, գող չեն

72-ամյա Մոհամեդ Ազիզն աշխարհի ամենաշատ լուսանկարվող գրավաճառն է Ռաբաթից՝ Մարոկկո։

Նա գրքեր է  վաճառում  մի երկրում, որտեղ բնակչության 26%-ը կարդալ չգիտե։

 6 տարեկանից որբացած Ազիզը դժվար կյանք է ունեցել, նույնիսկ չի կարողացել ավարտել միջնակարգ դպրոցը, քանի որ դասագրքերը նրա համար շատ թանկ էին։

 1963 թվականին՝ 15 տարեկանում, նա սկսեց իր գրավաճառի աշխատանքը՝ ծառի տակ փռելով գորգը՝ 9 գիրք վրան։

Այժմ նրա գրախանութում  հազարավոր գրքեր են վաճառվում, և նա իր օրերն անցկացնում է գրքերի աշխարհում։

 Մոհամեդն  օրական 6-8 ժամ կարդում է և ընթերցանությունն ընդհատում է միայն ուտելու, աղոթելու, ծխելու և հաճախորդներին օգնելու համար:

Նա նաև  շրջում է թաղամասերով գրքեր փնտրելու համար, որոնք հետագայում վաճառքի է հանում իր խանութում։ Ասում է, որ սա իր վրեժն է մանկությունից և աղքատությունից.

«Ես կարդացել եմ ավելի քան 4000 գիրք արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն, ինչը նշանակում է, որ ես ապրել եմ ավելի քան 4000 կյանք: Բոլորը պետք է ունենան այս հնարավորությունը: Ինձ ընդամենը երկու բարձ և գիրք է պետք, որպեսզի վայելեմ իմ օրը»։

Ավելի քան 43 տարի նա Ռաբաթի նույն վայրում է ապրում ու գիրք վաճառում։ Երբեք տեղը չի փոխել։

 Հարցին, թե ինչու է իր գրքերը թողնում  առանց հսկողության՝ դրսում, որտեղից  կարելի է գողանալ, նա պատասխանել է. «Նրանք, ովքեր կարդալ չգիտեն, չեն գողանում, իսկ նրանք, ովքեր կարդալ գիտեն, գող չեն»։