Նախարարն ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որեւէ բարձր պաշտոն, ես հրաժարվել եմ. Բրյուսովի ռեկտոր

Երեկ ես լսել եմ Հանրային հեռուստատեսությամբ այդ փոքր ռեպորտաժը, լսել եմ հայտարարությունները, որ այստեղ ստորգետնյա հոսանքներ կան, որ սա փորձ է ուսանողներին մանիպուլացնելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ բոլորին հայտնել, որ այո, հոկտեմբերի 14-ի նիստից առաջ ԿԳՄՍ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որեւէ բարձր պաշտոն: Ես հրաժարվել եմ դրանից, ասել եմ, որ դա բացառված է: Հիմա նորից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նոր կազմավորվող ինստիտուտում ես որեւէ պաշտոն չեմ պատրաստվում զբաղեցնել:
Ես նշել եմ, որ սա անձնական հարց չէ, որ այստեղ ոչ մի ստորգետնյա շարժումներ չկան, մանիպուլյացիայի ենթարկել այսքան ուսանողների ու դասախոսների, կարծում եմ՝ հնարավոր չէ: ես ասել եմ, որ ես այստեղ եմ, նշանակված եմ ռեկտոր, որպեսզի պաշտպանեմ այս բուհի շահերը, ես ուսանողների եւ ամբողջ աշխատակազմի կողքին եմ»,-հայտարարեց ռեկտորը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Ֆիզկուլտ ինստիտուտը միավորվում են Մանկավարժական պետական համալսարանի հետ:
Աղբյուր՝ News.am
