Թեպետ այսօր մեր տրամադրությունը տոնական չէ , և ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ոտնահարված են հազարավոր արցախցի կանանց իրավունքները, բայց մենք ուժեղ ենք և շարունակելու ենք ապրել ու պայքարել մեր հողում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ նկատելով, որ Մարտի 8-ն իրենց համար ոչ թե տոն, այլ պայքարի օր է։
«Ադրբեջանական վերջին դիվերսիայի ժամանակ մերոնք 15 թուրք են սպանել։ Սա մեզ համար նորություն էր, մենք մինչև հիմա կարծում էինք, որ 10 ադրբեջանցի է սպանվել։ Մենք չենք ուրախանում, սա դժբախտություն է իրենց մայրերի համար, բայց ինչ անենք. մեր թշնամին են։ Այդ մենք չենք հարձակվել, իրենք են հարձակվել, մենք չենք մարդասպանը, մենք չենք վայրենին։ Ցեղասպանություն իրենք են անում, այդ մենք չենք անցել իրենց տարածք։ Մենք ապրում ենք մեր տանը։ Ադրբեջանցիների կողմից մարտի 5-ին կատարածը միջազգային ահաբեկչություն է, նրանք են մեր սահմանն անցել, մտել մեր մեր տարածք»,- ասաց Հասմիկ Միքայելյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանցիներն ուզում են ամեն օր կոտրել արցախցուն, և արցախցին քաջ գիտի, որ հակառակորդի կողմից սադրանքները շարունակական բնույթ են կրելու։
«Շրջափակման մեջ պահելով ողջ Արցախը՝ Ադրբեջանը ոտնահարում է ոչ միայն արցախցի կնոջ, այլև մի ամբողջ ժողովրդի, պետության իրավունքները։ Մենք պետք է պաշտպանենք ոչ միայն կանանց իրավունքը՝ ապրելու և արարելու սեփական հայրենիքում, այլև ամբողջ հայ ազգի։
Կինը պետության հիմքն է՝ պետության և ընտանիքի խորհրդանիշը, և շրջափակման պահելով Արցախը՝ հակառակորդը տրորում է ոչ միայն հայ կնոջ, այլև հայ ժողովրդի, հայկական սփյուռքի և հայկական երկու պետությունների իրավունքները։ Ես խնդրին ահա այսպես լայն եմ նայում։
Ադրբեջանը չի ուզում ոչնչացնել միայն Արցախը՝ որպես 120 հազար հայերի բնօրրան. սրանք ուզում են մեզ լրիվ վերացնել, հետո արդեն անցնել Երևան և ոչնչացնել քրիստոնյաներին։ Ինչո՞ւ ենք վախենում ասել սա, չէ՞ որ սա Մեծ Թուրանի քաղաքականությունն է։ Հենց սրա համար մենք չենք կարող Մարտի 8-ը տոն համարել, բայց, կրկնում եմ, սրանից չենք կոտրվում, գիտենք մեր կյանքի նպատակը և գնում ենք դեպի այդ նպատակը»,- ասաց հասմիկ Միքայելյանը։