Մարդկային զարգացումը որպես հնարավորությունների ընդլայնման գործընթաց չի կարող կայանալ, երբ մարդկության կեսի հնարավորություններն ու իրավունքները սահմանափակ են. Այս առումով, գենդերային հավասարության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեծ ձեռքբերումներից է. ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին իր ելույթում նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող հիմնահարցերը, ոլորտային առաջնահերթություններն ու առկա խնդիրները. տեղեկանում ենք ԱՍՀ նախարարությունից:
«Գենդերային անհավասարությունն ու խտրական վերաբերմունքը, ռեսուրսների անհամաչափ հասանելիությունը յուրաքանչյուր հասարակության համար առաջընթացի լուրջ խոչընդոտ են։ Եվ Հայաստանը, լինելով ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնց դրույթների կիրարկման ապահովումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքն է:
Վերջինիս խոսքով՝ ՀՀ կառավարությունը, կարևորելով կանանց տնտեսական զորեղացումը, ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը, շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով ծրագրեր ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև հանրապետության տարբեր մարզերում։
Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընտանիքում բռնության դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, իրականացվող գենդերազգայուն ծրագրերին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը նվիրված են թվային ժամանակաշրջանում նորարարությանը, տեխնոլոգիական փոփոխություններին և կրթությանը՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների առաջխաղացման համատեքստում։
Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից: