Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել գիտխորհրդի ընդլայնված նիստ։ Աշխատակիցներն ու ուսանողները մեկ անգամ ևս քննարկել են այն իրավիճակը, որում հայտնվել է բուհը օպտիմալացման պարտադրանքով։
Բրյուսովցիներն արդեն մեկ շաբաթ ամենօրյա ակցիաներ են անում՝ բողոքելով ԿԳՄՍՆ-ն, ավելի ճիշտ՝ իշխանությունների՝ Բրյուսովը, Մանկավարժականն ու Ֆիզկուլտինստիտուտը միացնելու որոշման դեմ։
«Ճիշտն ասած՝ ես սկզբում չէի հասկանում, թե ինչպես կարելի է կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնել ու չուղարկել, օրինակ՝ այն համալսարաններ, որոնց դա վերաբերում է: Հիմա այս փաստաթուղթը ձեռքի տակ ունենալով՝ ամեն ինչ պարզ է։ Իսկապես պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց՝ ոչ միայն խայտառակ սխալների, թերությունների պատճառով, այլ նաև անբովանդակ լինելու համար: Ես արդեն հասկանում եմ, և դա միգուցե տրամաբանական է, թե ինչու չէին ուզում մեզ ուղարկել այդ նախագիծը: Ամեն մեկը, ով երբևէ քիչ թե շատ կարևոր խնդիր է լուծել, շատ լավ գիտի, որ ինչ-որ խնդիր լուծելուց առաջ նախ պետք է բացահայտել այդ խնդիրը, պետք է նպատակները սահմանել և պետք է լուծումներ առաջարկել: Այս փաստաթղթի հիմնավորում կոչվող հավելվածը բացարձակապես ոչ մի հարցի չի պատասխանում»,- իր ելույթում ասել է ԲՊՀ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:
Գիտխորհրդի նիստին դարձյալ հրավիրված է եղել նախարար Դումանյանը։ Նա դարձյալ չի եկել։
«Նախարարը չեկավ, որովհետև նա ասաց՝ այսպես կոչված գիտխորհրդի նիստին գալու ցանկություն չունի, այստեղ չկա ակադեմիական, գիտական հանրույթ, որովհետև գիտխորհրդի նիստը պլակատներով և ծափերով չի անցնում: Իր խոսքերով՝ նա մասնակցել է բազմաթիվ գիտխորհրդի նիստերի և այդպիսի բան չի տեսել: Նա նաև ասաց, որ ԲՊՀ-ն ունի ընդամենը երկու տարվա պատմություն, և ես ուղղակի չդիմացա և ասացի, որ ԿԳՄՍ-ն էլ ունի երեք տարվա պատմություն, բայց դա չի նշանակում, որ 30 տարի կրթությունը համակարգող ոլորտ չի եղել»: