Երուսաղեմում այս պահին իրավիճակը շատ ավելի լավ է, քան Իսրայելի հարավում կամ կենտրոնական շրջաններում։ Կարելի է ասել՝ Երուսաղեմում խնդիրներ չկան, այնտեղ ընդամենը երկու անգամ է հրթիռ ընկել, մեզ մոտ՝ օրական մի քանի անգամ։ Այդ քաղաքում նաև մահմեդական սրբավայրեր են, և արաբները խնայում են, ակտիվ չեն ռմբակոծում։ Այնպես որ պետք չէ վիճակը դրամատիզացնել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց իսրայելական Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:
«Պետախ Տիկվան միայն հայաստանցիներով է բնակեցված։ Այստեղ մոտ 1000 հոգանոց համայնք ունենք։ Երկրի կենտրոնում՝ Երուսաղեմում և մյուս մեծ ու փոքր քաղաքներում, մոտ 3000 հայ է ապրում, և, ինչպես հայտնի է, հիմնականում թիրախավորվել են հենց Իսրայելի կենտրոնն ու հարավային շրջանները։ Ամենածանր վիճակը հիմնականում 4 քաղաքներում է՝ Աշկելոն, Բեեր Շևա, Կիրյատ Գաթ և Աշդոդ։ Այս քաղաքներում ընդհանուր առմամբ 500 հայ է ապրում։ Հայերի վիճակն այս քաղաքներում ավելի ծանր է, քան մնացած բոլոր քաղաքներում»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։
Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Պետախ Տիկվայում, և արդյոք ազգաբնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակո՞ւմ է մնալ ապաստարաններում, մեր զրուցակիցը բացասական պատասխան հնչեցրեց։
«Հենց այս պահին, փառք Աստծո, ապաստարաններում չենք։ Ես նաև մեր շենքի համատիրության ղեկավարն եմ, և քանի որ այստեղ շենքերի մեծ մասը մասնավոր է, ոչ թե պետական, երեկ բնակիչների ուժորով կազմակերպեցինք և կարգի բերեցինք ռմբապաստարանները. պատրաստվում ենք ավելի ծանր ժամանակների»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Իսրայելում ապրում է արդեն 20 տարի, և 2005 թվականից միահամուռ ջանքերով ստեղծվել է Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը, ինչպես նաև օպերատիվ շտաբը, որը նման ծանր օրերին փորձում է օգտակար լինել Իսրայելի տարբեր քաղաքներում բնակվող հայերին։
Հարցին՝ պատերազմի օրերին ի՞նչ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում ՀՀ դեսպանատունն իսրայելահայերին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջին իսկ օրվանից Իսրայելում ՀՀ դեսպանատանը գործարկվելէ թեժ գիծ, որին կարող են կապվել տարատեսական օգնության կարիք ունեցող բոլոր հայերը։
«Դեսպանատունն այս պահին արդեն հայտարարություն է տարածել, որ ցուցակագրում է տարհանման ցանկություն հայտնած հայերին։ Գործում է էլեկտրոնային հասցե, որին քաղաղացիները կարող են ուղարկել իրենց անձնագրերի տվյալները։
Մեր միությունը ևս երեկվանից ցուցակներ է կազմում՝ հասկանալու, թե որքան մարդ է ցանկանում լքել կոնկրետ Պետախ Տիկվան։ Այս պահին արդեն մեզ մոտ առկա է 101 անձի տվյալ՝ հիմնականում այն մարդկանց, որոնք անչափահաս երեխաներ ունեն և ուզում են հնարավորինս անվտագ վայրեր տեղափոխել նրանց։ Միաժամանակ քիչ չեն մարդիկ, որոնք հեռացել են Պետախ Տիկվայից, բայց նրանցից որոշները կրկին հետ են եկել։ Խոսքը հիմնականում նրանց մասին է, որոնք բանակ զորակոչված չափահաս տղաներ և աղջիկներ ունեն։ Բնական է, որ հայրն ու մայրը չեն ցանկացել իրենց երեխաներին մենակ թողնել, իսկ իրենք՝ հեռանալ Հայաստան։
Այս պահին էլ մոբիլիզացիան շարունակվում է, մոտ 350 հազար մարդ է հավաքագրվել։ Իսրայելում գիտեն, որ հայերը լավ կռվողներ են, իրենց գերազանց են դրսևորում, դրա համար էլ փաստացի զորակոչում են»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահը դժվարացավ նշել՝ նյութական և ոչ նյութական ինչ ծավալի օգնություն է իսրահայերին այս ընթացքում տրամադրել ՀՀ դեսպանությունը, սակայն հստակ է, որ երկրում սով, պարենի կամ ջրի խնդիր չկա. Իսրայելի թիկունքային ծառայությունն ազգաբնակչությանը հորդորել է 72 ժամվա համար ջուր և սնունդ ունենալ, և մարդիկ համապատասխան քանակության սննդամթերք են կուտակել։
Ինչ վերաբերում է ռմբահարվող քաղաքներին, ապա դրանցում բնակվող արական սեռի ներկայացուցիչները հարմար պահի դուրս են գալիս, սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնում և կրկին վերադառնում ապաստարաններ։
«Այսինքն՝ պարենի, ջրի խնդիր չկա, Իսրայելն այնպիսի երկիր չէ, որ ինքնաբավ չլինի։ Մենք այս վիճակին սովոր ենք, այնպես չէ, որ սա մեզ համար նորություն է կամ առաջին անգամ ենք պատերազմական գործողությունների ականատես լինում։ Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, բարեբախտաբար դրանք վնասներ չեն կրել։ Ամենակարևորը, սակայն, մարդկային կյանքերն են, և փառք Աստծո, հայ բնակչությնա շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- ամփոփեց Արտյոմ Չերնամորյանը։
Հ.Գ. Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի մասին պաշոտանական տեղեկատվություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մինչդեռ թեման խիստ հրատապ է և ոչ մի կերպ չի կարող սպասել վաղը կամ մյուս օրը տրվելիք հնարավոր պարզաբանումներին։