Այս ընթացքում Լաչինի միջանցքով մարդասիրական օգնության դադարեցումը պայմանավորված է մեր կողմից որոշակի ընթացակարգերի ճշգրտման անհրաժեշտությամբ։ Որոշում կայացնողների հետ պետք է ընթացակարգերի առնչությամբ որոշակի մանրամասներ համաձայնեցնել՝ մարդասիրական օգնությունը հնարավորինս շուտ վերսկսելու համար։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հարցին՝ երբվանի՞ց սկսած է Լաչինի միջանցքով մարդասիրական օգնությունը դադարեցված, մեր զրուցակիցը պատասխանեց՝ կոնկրետ օր կամ ժամ չի կարող նշել, միայն կարող է ասել, որ թվով 16 բուժառուների վերջին տեղափոխումն Արցախից Հայաստան տեղի է ունեցել ապրիլի 29-ին։
Իսկ թե ինչ ընթացակարգերի ճշգրտման մասին է խոսքը, Զառա Ամատունին չհստակեցրեց։
«Դա կոնֆիդենցիալ մաս է կազմում, քննարկվում է միայն որոշում կայացնողների հետ։ Դա հանրության համար փակ տեղեկություն է։ Խոսքը գնում է իշխանությունների մասին, տարածաշրջանում և այդ գործողություններում որոշում կայացնող բոլոր կողմերի մասին, չեմ կարող հստակ թվարկել»,- ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը։
Զառա Ամատունին միաժամանակ տեղեկացրեց, որ Լաչինի միջանցքով հումանիտար օգնության վերականգնման մասին առանձին հայտարարություն չի լինելու, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից այդ մասին տեղեկատվությունը պետք է ճշտել անձամբ։