Հայոց Եղեռնի առնչությամբ իմ հետազոտությունների ոգեշնչողը եղել է եզակի ցեղասպանագետ, միջազգային բարձր հեղինակություն վայելող, սփյուռքահայ գիտնական երջանկահիշատակ ՎԱՀԱԳՆ ԴԱԴՐՅԱՆԸ. գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Վահագն Դադրյանի անտեսված ու լքված շիրմի շուրջն առաջացած վրդովմունքի ալիքին։
«Իր գործունեության համար թուրքերը նրան հետապնդել են ամենուր և շինծու մեղադրանքներով կյանքը վերածել դժոխքի։ Այս մեծանուն մարդը, թեպետ հուղարկավորվել է Կենտրոնական գերեզմանատանը, սակայն երեք տարվա ընթացքում այդպես էլ տեղադրված չէ հուշատախտակ և շիրմաքար, ինչի մասին ԿԳՄՍ նախարարին իրազեկել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Այդ հարցով բացակայում է իրավասու մարմիններին ուղղված ազգականների դիմումը, քանզի վերջինս, ցավոք, ընտանիք չունի։
Կարծում եմ, այս խիստ պատասխանատու առաքելությունը չպետք է թողնել պետական իրավասու կառույցների հայեցողությանը, ակնկալում եմ, որ սեղմ ժամկետում քաղաքացիական նախաձեռնության կառույցները կներկայացեն սեփական միջոցներով խնդրի պատշաճ լուծման առաջարկներ, որոնց պատրաստ եմ ցուցաբերել իմ անվերապահ աջակցությունը, և հուսամ, որ հայ գործարարները ևս անտարբեր չեն մնա։ Ինքս էլ եմ նախաձեռնում մի հուսալի տարբերակ, որի մասին կխոսեմ առաջիկա օրերին»,- նշել է իրավաբանը։