ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է Հայաստանում խթանել հայրությունը և հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր։
Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներում այս օրն արդեն իսկ նշվում է՝ հիմնականում հունիսի երրորդ կիրակի օրը։
«Այս տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում և այսօր արդեն նպատակ ունի արժանին մատուցելու երեխաների զարգացման գործում հայրերի ներդրում ունենալուն։ Ուզում ենք երեխայի խնամքի, ընտանիքի աջակցության համար իրավական խթան ունենալ, որովհետև գիտնականներն ապացուցել են՝ եթե հայրերը ներգրավված են, ապա երեխաներն ավելի կայացած են լինում, իսկ հայրերն էլ իրենց հերթին զերծ են լինում վնասակար սովորություններից և ավելի երկար են ապրում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի նիստում դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: