Բուհում արհեստականորեն ստեղծված իրավիճակ է, լարվածություն են մտցնում, բայց ամեն ինչ կանցնի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեզվաբան, Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով համալսարանում շարունակվող դասադուլին և գործադուլին։
«Գործադուլը և դասադուլը մասնակի բնույթ են կրում։ Բուհն ունի 4 հազար ուսանող, բակում այս պահին նրանցից քանի՞սն են. երևի հարյուրից մի փոքր ավելի»,- ասաց նա՝ հավելելով, որ արհեստական լարվածություն հրահրողները համալսարանի գործող ղեկավարներն են։
Դավիթ Գյուրջինյանի համոզմամբ՝ վերջիններս, հավանաբար, կցանկանային շարունակել աշխատել Կարինե Հարությունյանի ղեկավարությամբ (խոսքը ` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրված Կարինե Հարությունյանի մասին է՝ խմբ.)։
«Նրանք նորին դեմ են, փոփոխություններին դեմ են և կեղծիքների են դիմում, երբ ասում են, որ ես կողմ եմ համալսարանի լուծարմանը։
Բացարձակորեն այդպիսի օրակարգ չկա. լուծարաման մասին խոսք չկա, բայց եթե այդ նոտան են հնչեցնում, նշանակում է՝ կեղծ է։
Ես մի անգամ ասել եմ՝ ընդհանրապես կողմ եմ բուհերի միավորման գաղափարին, բայց որևէ հստակ նախագիծ, ծրագիր այսօր գոյություն չունի իրականության մեջ։ Դա արձանագրված է կառավարության՝ կրթության զարգացման՝ մինչև 2030թվականի պետական ծրագրում։
Միավորման մասին այժմ որևէ բան հնարավոր չէ ասել, որովհետև չկա շոշափելի որևէ նախագիծ։
Ես չեմ գնում բուհը միավորելու կամ լուծարելու, ինչպես հիմա կեղծիքով ներկայացնում են։ Ես գնում եմ Բրյուսովի անվան համալսարանի կրթության որակը բարձրացնելու և նրա լեզվաբանական ուղղվածությունն ուժեղացնելու»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարն իրեն պետք է ներկայացնի այսօր՝ ժամը 16։30-ին։
Վերջում Դավիթ Գյուրջինյանը շեշտեց՝ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի թեկնածությունն առ այսօր կառավարության կողմից չի հաստատվել, որովհետև ընտրական գործընթացների հետ կապված խնդիրներ կան։
«Խնդիրներ կան՝ հոկտեմբերից սկսած՝ հոգաբարձուների խորհրդի՝ հոկտեմբերյան նիստից սկսած»,- նշեց Գյուրջինյանը։
Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները և դասախոսները բոյկոտում են ԿԳՄՍ նախարության՝ Գյուրջինյանի նշանակման որոշումը՝ պահանջելով չեղարկել այն։ Բուհում դասադուլ և գործադուլ է հայտարարված: