ԵՊՀ գիտխորհրդի փակ նիստն ավարտվել է։ Արցախի և ներհասարակական զարգացումների հարցով օնլայն քվեարկությամբ ընդունված ԵՊՀ որոշումն, ըստ էության, չեղարկվել է, որովհետև կոնսենսուս չի եղել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Գիտխորհրդի նիստը վարում էր ԵՊՀ ռեկտորը, բայց ես չգիտեմ՝ ինչու էր այն փակ։ Նիստի ընթացքում եղել են 3-4 ելույթներ, որոնցից մեկը՝ իմը։ Այն տեսակետն է բարձրաձայնվել, որ այս իրավիճակում ԵՊՀ-ի կողմից նման տեքստը ճիշտ չէ ո՛չ իրավական ձևակերպումների, ո՛չ քաղաքական բովանդակության առումով։ Խոսքը փոխադարձ թշնամանքի, անկայությունության և պառակտման մթնոլորտ թույլ չտալու մասին է։
Ես առաջարկել եմ, որպեսզի այդ տեքստը հանվի շրջանառությունից։ Տեքստում այնպիսի ձևակերպումներ էին, որոնք ոչ թե նպաստում էին երկպառակության, հասարակության մեջ անջրպետների վերացմանը, այլ ընդհակառակը։
Խոսվում էր պրոցեսի մասին, բայց չէին նշվում որոշակի թիրախներ։ Բացի այդ ՝ կային ձևակերպումներ, որոնք ակադեմիական տեսանկյունից խոցելի էին»,- պատմեց մեր զրուցակիցը՝ չցանկանալով մեջբերումներ կատարել կոնսենսուսի չարժանացած հայտարարության տեքստից։
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում են հայտնել ԵՊՀ գիտխորհրդի նիստին ներկա դասախոսները, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց՝ երբ առաջարկվել է հանել բուհի ղեկավարության կողմից կազմված վիճահարույց հայտարարությունը, դեմ չեն եղել նույնիսկ նրանք, որոնք օնլայն քվեարկության ժամանակ կողմ են քվեարկել։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը միաժամանակ տեղեկացրեց, որ փակ նիստի ընթացքում քննարկում չի եղել բուհի ուսանողության՝ վերջին օրերին ծավալված բողոքի գործողություններին և դասադուլներին մասնակցել-չմասնակցելու արգելքի շուրջ։
«Ավելի շատ որոշվեց, որ ԵՊՀ-ն փորձի իր ներուժը կենտրոնացնել ստեղծված իրավիճակում արցախցի փախստականներին տարաբնույթ հարցերում օգնելու վրա»,- նշեց մեր զրուցակիցը։
Վերջում Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ չգիտի՝ ԵՊՀ մյուս ֆակուլտետներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանո՞ւմ է, թե ոչ, սակայն Արևելագիտության ֆակուլտետում որոշ ուսանողներ դասի են, մյուսները՝ ոչ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը հայտնի է ընդգծված իշխանամետ դիրքորոշմամբ, այսօր խորհրդի նիստ է հրավիրել, որը լրատվամիջոցների կողմից չի լուսաբանվել։
Այդ ընթացքում ԵՊՀ շենքի ներսում են եղել դասախոս Ցոլակ Ակոպյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը, որը կանգնել է նիստերի դահլիճի դռան մոտ և կոչ արել համալսարանականներին Արցախի հանձնման հանցակիցը չլինել, չհամաձայնել այն որոշումների հետ, որոնք ընդունելու համար էլ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր խորհրդի նիստ է գումարել։
Ավելի ուշ Ցոլակ Ակոպյանը և Դավիթ Սարգսյանը բերման են ենթարկվել։