Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Դավիթ Խաժակյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Դատարանը որոշել է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգիրքը ապաքրեականացել է ծանր վիրավորնքը: Սամսոնյանի դեմ բերված բողոքի դեպքում ևս հոդվածի ապաքրեականացման հիմքով՝ վարույթը ենթակա է կարճման:

«Ավարտվեց հայտնի «կիլկիի» գործով դատավարությունը, ցավալիորեն դատարան չներկայացավ սեփական մորն ու ընտանիքին սեռական բնույթի հայհոյնքներ վերագրած Դավիթ Խաժակյանը: Սույն (տ)«անձը» պատմության մեջ կմնա սեփական անձին խլեշ վերագրած և մարդուն դրա համար բռնել տված երևույթ:

Հ.Գ. Վերևում երկու գործը շփոթել էի իրար հետ ու կիլկիի փոխարեն գրել էի իկրայի գործը»,- դատարանի որոշումից հետո նման գրառում է արել Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էր 2021թ դեկտեմբերին՝ Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ՔՕ 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:

Հեռուստահաղորդման ընթացքում Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ Խաժակյանը դիտարկել էր որպես ծանր վիրավորանք, հաղորդում էր ներկայացվել։

Եվ քանի որ ՔՕ 137.1-րդ հոդվածը չի սահմանում որպես պատիժ ազատազրկում, դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Սամսոնյանի ձերբակալությունը և նրան ազատ էր արձակել հենց դատարանի դահլիճից: