Մեծ Բրիտանիայում առաջին անգամ երեք ծնողից բեղմնավորված երեխա է ծնվել։ Այս մասին բրիտանական «The Guardian» պարբերականն է գրում։
Արհեստական բեղմնավորման այս մեթոդը փոխարինում է միտոքոնդրիումի թերապիային և ուղղված է կանխելու երեխաների ժառանագական անբուժելի հիվանդությունները։ Նշենք, որ միտոքոնդրիալ հիվանդությունները ժառանգական հիվանդությունների խումբ է, որ հիմնականում մարդու բջիջների էներգետիկ ֆունկցիաների խանգարմամբ է արտահայտվում։
Բժիշկ-գիտնականները, փաստորեն, կարողացել են այնպես անել, որ գենետիկական նյութ պարունակող և արդեն իսկ ձևավորված սաղմին ավելանա դոնոր կնոջ ձվաբջիջը՝ միտոքոնդրիումային մուտացիաներից զերծ ու առողջ պտուղ ձևավորելու համար։
Այս մեթոդով երեխա ունենալու օրինականությունը բրիտանական պառլամենտը դեռևս 2015-ին է հաստատել։ Երկու տարի անց բրիտանական Նյուքասլիի Անպտղության բուժման կենտրոնը երեք ծնողի միջոցով արհեստական բեղմնավորում անելու լիցենզիա էր ստացել։ Այժմ, փաստորեն, այդ նույն կենտրոնը հայտարարել է երեք ծնողից ծնված առաջին երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Բժշկության մեջ արհեստական բեղմանվորման այս մեթոդը 2018-ից է գործածության մեջ դրվել։ Այժմ, աշխարհի կտրվածքով, երեք ծնող ունեցող ավելի քան 5 երեխա կա։ Բայց ելնելով անձնական տվյալների գաղտնիության նորմերից՝ այդ երեխաների մասին մանրամասն որևէ տեղեկություն չի հաղորդվում՝ ե՞րբ են ծնվել, ովքե՞ր են ծնողները, արդյո՞ք բժիշկները կարողացել են կանխել ժառանագական հիվանդությունները և այլն։
Մինչև Մեծ Բրիտանիան էլ, հիշեցնենք, ԱՄՆ-ում էր նման դեպք գրանցվել։ 2016-ին ամերիկացի բժիշկներից մեկը հայտարարել էր, որ երեք ծնողի բեղմնավորման մեթոդի շնորհիվ՝ կարողացել են կանխել պտղի մոտ առկա միտոքոնդրիալ մուտացիայի զարգացումը։
Պատրաստեց Սևակ Վարդումյանը