Արցախցիները, այդ թվում՝ արցախցի երեխաները, ադապտացիայի որոշակի չափաբաժին ունեն, որը նրանց օգնում է անսպասելի իրավիճակներում կազմակերպել իրենց կենցաղն ու առօրյան։ Իհարկե, սա բացարձակապես լավ չէ, որովհետև արցախցի երեխաների մոտ տագնապայնության նիշը միշտ ավելի բարձր է, քան, ասենք, երևանցի երեխաների մոտ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկական հոգեբան Սիրարփի Ֆահրադյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով արցախցի երեխաների հոգեկան ապրումներին։
«Բազային անվտանգության պահանջը, որն արցախցի երեխաների մոտ պետք է լինի, ցավոք, չի բավարարում, որովհետև նրանք անընդհատ անվտանգային խնդրի առջև են։ Բայց ադապտացիան իր հակառակ կողմն էլ ունի. այն օգնում է, որ երեխաները ցանկացած իրավիճակում որոշակի լուծումներ գտնեն։
Մասնավորապես, երկու տարի առաջ տեղի ունեցած պատերազմին արցախցի երեխաներն, ըստ էության, պատրաստ էին, որովհետև նրանք 30 տարի շարունակ ապրում են նույն մթնոլորտում։ Սա մի կողմից օգնող, մյուս կողմից խանգարող հանգամանք է, բայց, ամեն դեպքում, ադապտացիան հուշում է արցախցիներին գտնել լուծումներ՝ ինչպես հաղթահարել դժվարին իրավիճակները»,- նկատեց Սիրարփի Ֆահրադյանը։
Մանկական հոգեբանի խոսքով՝ կասկածից վեր է, որ տագնապայնության և անվտանգության դեֆիցիտի զգացողություններն ապագայում երեխաներին դարձնում են առավել խոցելի։
«Որովհետև անընդհատ ապրել նույն տարածքում և մտածել, որ մի օր էլ կարող են քեզ խոշտանգումների ենթարկել, անհետևանք անցնել, կյանքի որակի վրա չազդել չի կարող՝ մանավանդ զարգացող երեխայի պարագայում։ Բայց չպետք է մոռանալ, որ երեխաների հոգեկերտվածքի ձևավորման վրա իր ուղիղ ազդեցությունն ունի նաև ծնողների վերաբերմունքը տվյալ երևույթի նկատմամբ։
Ես 44-օրյա պատերազմի ընթացքում առիթ եմ ունեցել աշխատել Արցախից տեղահանված մանկահասակ երեխաների հետ և հետաքրքիր պատկերի եմ ականատես եղել։ Եթե, օրինակ, երևանցի երեխան ընկնում էր և դրանից հետո անվերջ-անդադար լացում՝ սպասելով մայրիկի գուրգուրանքին, ապա արցախցի երեխաներն ընկնելուց հետո կանգնում էին և շարունակում քայլել։
Սա ցույց է տալիս, որ արցախաբնակ երեխաներն ակնհայտորեն ավելի ինքնուրույն և տոկուն են կյանքի դժվարին իրավիճակներում։ Կարծում եմ՝ սա բոլոր արցախցիներին խիստ բնորոշ վարքագիծ է՝ բխող ծնողներից ստացած դաստիարակությունից և սկզբունքներից»,- ասաց մեր զրուցակիցը։