70 500 բռնի տեղահանված մեր հայրենակիցներից այս պահին 13 922-ը արդեն իսկ հաշվառվել և տեղակայվել է որևէ մարզի համայնքում՝ հյուրանոցներում, հյուրատներում, առանձնատներում. սեպտեմբերի 28-ին, Հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Արագածոտնի մարզում 820 մարդ է տեղակայվել, Արարատում՝ մոտ 2200, Արմավիրում՝ 1049, Գեղարքունիքում՝ 1349, Լոռիում՝ 527, Կոտայքում՝ 3594, Շիրակում՝ 763, Սյունիքում՝ 1918, Վայոց ձորում՝ 1027, Տավուշում՝ 678:
«Մենք հիմա ստեղծել ենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում քանի բնակիչ ավելացավ, և նաև մուտքագրում ենք, թե որտեղ ավելացավ՝ հյուրանոցներո՞ւմ են, հյուրատներո՞ւմ են, թե՞ հյուրընկալող ընտանիքում, թե՞ վարձով տներում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ տեղակայման պահից սկսած՝ նրանց կարիքները հոգալու են:
Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ արցախցիներ չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերն, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ բոլորին են կացարան տալու։
«Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կարող են տեղակայվել, մինչև մտածենք երկարաժամկետ տեղակայման վայրերի մասին»,- նշեց նա։
Սանոսյանը նաև ասաց, որ կառավարությունը պատրաստվում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։