Արցախից դուրս գալուց հետո հաստատվել ենք Երևանում՝ ժամանակավորապես աղջկաս տանն ենք բնակվում։ Զուգահեռ վարձով տուն ենք ման գալիս, բայց սոցիալական ծանր վիճակում ենք՝ աշխատավարձ, թոշակ չենք ստացել, չգիտենք՝ ոնց պետք է ապրենք։ Սոցիալական առումով մեզ ընդհանրապես ապահով չենք զգում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում հանդիպած դժվարությունների մասին պատմեց Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։
«Ես գոնե այստեղ աղջկաս տանն եմ ապրում, իսկ եղբայրս տուն չունի, նրան օգնում եմ զրոյից տուն կառուցել։ Աղջկաս տանը 9 հոգով ենք տեղավորվել՝ ես, տղաներս, կինս,կնոջս մորաքույրը և այլն։
Պետության կողմից մինչ օրս որևէ աջակցություն չենք ստացել, միայն ես եմ 100 հազար դրամ միանվագ աջակցությունն ստացել՝ ո՛չ կինս, ո՛չ տղաներս չեն ստացել։ Որևէ պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչու չեն տալիս։
Մյուս կողմից աշխատավարձերի խնդիրն է. ամենապրոբլեմայինն այն է, որ աշխատավարձերը չենք ստացել։ Դրանից հետո բռնի տեղահանված արցախցիների առջև արդեն աշխատանքի տեղավորման խնդիրն է ծառանալու։ Ահռելի քանակությամբ գործազուրկ արցախցի ուսուցիչներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ ունենք, նրանց հարցը պետք է լուծվի»,- ասաց Աշոտ Սարգսյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ անձամբ ինքն Արցախում 300 հազար դրամ աշխատավարձ է ստացել՝ գումարած կենսաթոշակը։ Ֆինանսական խնդիրեր չի ունեցել, ավելին՝ կարողացել է որոշակի խնայողություններ անել. այս պահին հենց այդ գումարներով է կարողանում կենցաղային ծախսերը հոգալ։ Բայց միաժամանակ ընդգծում է՝ պետությունը պետք է փոխհատուցի Արցախում թողած իր անշարժ և շարժական գույքի համար։ Այլ բան է, որ պետական որևէ օղակից այս մասին նույնիսկ ակնարկ չեն արել։
«Քրոջս փեսան Արցախում մայոր էր, 450 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, պայմանագրային սպան՝ 300 հազարից ավելի էր վաստակում։ Իսկ այստեղ ոչ մեկն աշխատանք չունի։
Քեռիս էլ, օրինակ, իր ընտանիքի, փեսաների հետ Նոր Խարբերդում երկու հարկանի տուն է վարձել, ապրում են։ Ամսական 500 հազար դրամ վարձ պետք է տան, բայց ինչպե՞ս կարող է թոշակառու մարդը, թեկուզ փեսաների աջակցությամբ, նման չափի վարձ տալ։
Կարծում եմ՝ բնակարանների խնդիրն ամենահրատապն է։ Իմ հաշվարկներով՝ Հայաստանում այս պահին մոտ 30 հազար արցախցի ընտանիք կա, և նրանց համար պետք է բնակարաններ կառուցվեն։ Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է արցախցիներին մոտավոր հաշվարկներով 150 կմ/ք մակերեսով հատուկ տեղ հատկացնի, և մարդիկ այնտեղ իրենց համար տներ կառուցենք։ Ցանկալի է, որ դրանք լինեն պետական տներ՝ առանց սեփականության իրավունքի, որպեսզի Արցախն ազատագրվելուն պես բոլորս անխտիր վերադառնանք մեր տներ։
Հակառակ դեպքում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում մի կերպ տեղավորված արցախցիներն ստիպված են լինելու արտագաղթել։
Մենք նաև արցախցու գենոֆոնդը պահպանելու կարևորագույն խնդիրն ունենք։ Ոչ թե մեզ հայաստանաբնակ հայերից բարձր ենք դասում, այլ ուղղակի արցախցու կռվող, արարող տեսակը, մեր 10-ից ավելի բարբառները պահելու խնդիր ունենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։