Azg.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը։
-Պարո՛ն Աբրահամյան, Արցախում իրավիճակն օրհասական է, խանութները և դեղատները դատարկ են, մարդիկ փոքր առ փոքր սովի են մատնվում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, ելքը։
-Ես պարբերաբար լինում եմ խանութներում և դեղատներում։ Ասեմ, որ ցուցափեղկերը 90 տոկոսով դատարկ են։ Եթե որևէ խանութում էլ ապրանք կա, ապա՝ ոչ առաջին անհրաժեշտության, օրինակ՝ մազի ներկ, կծու պղպեղ, էսենցիա, որոնք ոչ ոք չի գնում։
Հացի արտադրամասերի մոտ մի աննկարագրելի վիճակ է։ Վառելիք չկա՝ հացը արտադրամասից խանութներ հասցնելու, այդ պատճառով էլ փռերի մոտ մեծ հերթեր են գոյանում։ Լույսը բացվելուն պես՝ ժամը 06։00-ից մինչև գիշերվա ժամը 03։00-ը մարդիկ հացի հերթ են կանգնում։
Սրան գումարած հովհարային անջատումները, գազամատակարարման բացակայությունը։ Հացի արտադրամասերի մեծ մասը չի աշխատում գազի վառարաններով, բոլորն անցել են էլեկտրական վառարանների։ Բայց այստեղ էլ խնդիր կա. երբ հոսանքն անջատվում է, խմորը ջեռոցներում կիսահում է մնում, փչանում։ Հացթուխները ստիպված փորձում են իրավիճակը փրկել, խմորը նորից են հունցում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Հացի փռերին մոտ ապրող մարդիկ էլ գնում են իրենց տներ, երկու ժամ հետո գալիս, բայց այնպես չէ, որ հոսանքը տալուն պես հացի արտադրության պրոցեսը միանգամից մեկնարկում է։ Ահավոր վիճակ է, հացի համար կուտակումները հասնում են տասնյակ մետրերի։ Եթե քո տան մոտակայքում փուռ չկա, ստիպված ես ոտքով երկար ճանապարհ անցնել՝ հասնելու քաղաքի մյուս ծայրը։ Հասնում ես տեղ, տեսնում ես՝ արդեն 70-100 մարդ իր հերթին է սպասում։ Արցախում այս վիճակն է։ Ես չեմ ցանկանա, որ ՀՀ որևէ քաղաքացի հայտնվի այն իրավիճակում, ինչ իրավիճակում արցախահայերն են այժմ։
-Իսկ ինչպե՞ս է լուծվում նորածինների կաթնախառնուրդների, տակդիրների և սննդի հարցը։
-Տեսեք, բազմաթիվ ծնողներ արդեն ահազանգում են մանկահասակ երեխաների ինքնազգացողության վատացման մասին՝ գլխացավ, թուլություն և այյլն։ Այս ամենը, բնականաբար, վիտամիններով հարուստ սննդի բացակայության հետևանք է։ Իրավիճակն Արցախում վատթարանում է ոչ թե օրերի, այլ ժամերի կտրվածքով։
Այնպես չէ, որ ասենք՝ արցախցիները պայքարում են։ Լավ, հանուն գաղափարի պայքարում ենք, էլի խնդիր չկա, բայց դեռ որքա՞ն կարող ենք դիմանալ մեր առողջության հաշվին։ Հղի կանայք թերսնման, վառելիքի բացակայության պայմաններում ժամանակին հետազոտություններ չանցնելու հետևանքով վիժում են. իսկ վիժումների թիվը, ըստ վիճակագրության, աճել է երեք անգամ։
-Պարո՛ն Աբրահամյան, Արցախում հումանիտար ճգնաժամը րոպեառրոպե խորանում է, մինչդեռ ԱՀ իշխանությունները, հանրահավաքների ժամանակ ամբիոնից ելույթ ունեցողներն այդպես էլ չեն տալիս ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Ինչո՞ւ։
-Իրավիճակն, իրոք, օրհասական է։ Պետք է անուններ հնչեցնել, գնալ ռեալ գործողությունների, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, որովհետև նման տեմպերով երկար շարունակվել չի կարող։
-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ՀՀ իշխանություններին զուգահեռ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները չի փորձում կանխել նաև միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, մարդասիրական այլ կազմակերպություններ։ Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում՝ ճեղքելու ադրբեջանական բլոկադան։
-Արցախի շրջափակման վերացմամբ, առաջին հերթին, շահագրգռված չեն ՀՀ իշխանությունները, իսկ նրանց դերակատարությունը շատ մեծ է։ Եթե փորձ է արվում միջազգային գործընկերներին առկա իրավիճակի մասին որևէ բան փոխանցել, միջազգային հանրությունը միանգամից ասում է՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը միակն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ փաստացի կերպով ազդելով գործընթացների վրա։
-Պարո՛ն Աբրահամյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների կեցվածքը։ Արդեն մի քանի օր է՝ ԱՀ նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վրանում՝ կոկիկ պայմաններում, նստացույց են իրականացնում։ Միայն նման քայլով հնարավո՞ր է իրավիճակի մեջ բեկում մտցնել։
-Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ յոթ օր ժամանակ է տալիս։ Այնուհետև երևի պատկերն ավելի պարզ կլինի, կկարողանանք հետադարձ հայացք գցել նրա գործողությանը և հասկանալ՝ ԱՀ նախագահի այս քայլը ճիշտ էր, թե սխալ։
-Դուք, որպես արցախցի, ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։ Ո՞րն է Արցախի փրկության ճանապարհը։
-Ամենաառաջին ելքը Հակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական հենակետի ապամոնտաժումն է, որպեսզի նորից անխափան գործի Մայր Հայաստանի հետ կապը։ Երկրորդ կարևոր քայլը Հայաստանում իշխանափոխությունն է, որովհետև այս ամենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղքով է կատարվում, իրավիճակը սրվում է նրա՝ ցանկացած նոր հայտարարությունից հետո։ Նա իր հայտարարություններով նորանոր ականներ է տեղադրում հայկական պետականության ակունքներում։ Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է Փաշինյանի անգործության պատճառով։ Նա ցանկանում է րոպե առաջ ձեռքերը լվանալ Արցախից։
Երրորդ կարևոր քայլը օդային հումանիտար միջանցքի գործարկումն է, որպեսզի ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումները հնարավորություն ունենան Արցախ սննդամթերք և դեղորայք մատակարարել։ Դա գոնե մի փոքր կմեղմի ստեղծված աղետալի իրավիճակը։ ՄԱԿ-ը կարող է անել դա՝ անգամ շրջափակման պարագայում։ Այդ մարմինը ունի գործիքակազմ՝ մուտք գործելու Արցախ և արցախահայությանը տրամադրելու սնունդ, դեղորայք և առաջին անհրեժեշտության իրեր։