Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, պատերազմի մի տեսակ։ Այն արցախցու համար նորություն չէ, որովհետև 90-ականներին ևս արցախցին եղել է բլոկադայում, ցրտի և սովի մեջ, բայց երբեք չի ընկճվել. չի ընկճվում նաև հիմա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ստեփանակերտցի Հասմիկ Միքայելյանը։
«Սրանք կենացի խոսքեր չեն, սա մեր կյանքն է, որը մեզ կոփում և ամրացնում է։ Մենք պարտավոր ենք ուժեղ լինել՝ որքան էլ լրջագույն դժվարությունների առջև ենք կանգնած։ Այս իրավիճակը մեզնից կախված չէ՝ սննդի փոքր տեսականի՝ տեղ-տեղ՝ ոչ այնքան որակյալ, փոքր քանակությամբ և այլն։
Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք, որ սնունդը քիչ-քիչ գալիս է։ Առանց թաքցնելու մեզ աջակցում են ռուս խաղաղապահները։ Արցախ մտնող սննդի մի մասը վաճառվում է, մյուս մասը՝ տրվում որպես հումանիտար օգնություն։
Մենք հիմա 2 բազուկ, 2 գազար, մի 3-4 խնձոր, 2 բանան ենք ունենում, որ գոնե կարողանանք մեր երեխաներին տալ։ Մենք ողորմություն չենք խնդրում, բայց գոնե ուրախանում ենք, որ կարողանում ենք մեր երեխաներին մի փոքր մրգեղենով ապահովել։
Դժվար է հատկապես բազմազավակ ընտանիքների համար, որոնց այսքան նվազ քանակությամբ միրգ-բանջարեղեն բաժանելով՝ խեղճացնում ենք այդ ընտանիքի երեխաներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հասմիկ Միքայելյանի խոսքով՝ Արցախի շրջափակումն անպատվաբեր է ոչ թե արցախցիների, այլ ադրբեջանցի ժողովրդի և իշխանության համար։
«Իրենք ողորմելի են և ուզում են ողորմելի դարձնել մեզ. չի՛ ստացվի։ Մենք կարող ենք բանան, խնձոր կամ մանդարին չուտել, կարող ենք ցամաք հաց և մեր աճեցրած կարտոֆիլն ուտել, կարող ենք կիսասոված լինել, բայց հպարտ ապրել։
Հարցն այն է, որ ադրբեջանցիները չեն հասկանում՝ իրենց իրական դեմքն են ցույց տալիս։ Իրենք դարեր շարունակ տարբեր մեթոդներով ցաեղասպանել են հայերին։ Բայց հիմա, երբ Թուրքիայում դժոխք է, մեր սիրտը էլի ցավում է։ Մենք բարի մարդիկ ենք, մենք չար չենք, մեզ չարացնում են։
Այսօր հայ փրկարարները գնացել են Թուրքիա, և անգամ Արցախից կգնային Սիրիա և Թուրքիա, եթե շրջափակումը չլիներ։ Մենք մեր ճակատը միշտ բաց ենք պահում, մեր սիրտն է պարզ, և թող մեր հարևանները հասկանան դա, բլոկադան բացեն։ Իրենք տեսնում են, որ որևէ արդյունքի չեն հասել, չեն էլ հասնելու։ Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, դա է իրենց նպատակը, որը, սակայն, չի լինելու»,- ասաց ստեփանակերտցի կինը։
Հասմիկ Միքայելյանը շեշտեց՝ արցախցին պատրաստ է մինչև վերջ կանգնել՝ հանուն հայրենիքի և հայկական Արցախի։
«Մի հատնի երգ կա. ասում է՝ «Нас Бьют, Мы Летаем»։ Մենք միշտ սավառնելու ենք, որովհետև արծիվ ենք։ Մենք բոլորս այս ոգով ենք դաստիարակվել»,- ամփոփեց արցախցի կինը։