Փետրվարի 16-ին ոստիկանությունն այցելել է ՀՀ ՊՆ նախկին շենք՝ այնտեղ բնակվող քաղաքացիներին վտարելու նպատակով։
Շենքում ժամանակավորապես ապաստանել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած, թշնամուն հանձնված տարածքներից վտարված մարդիկ, որոնց պետությունը բնակարան չի տրամադրել։
Բնակիչերը՝ 120-ից ավելի ընտանիք, իրենք են իրենց ուժերով կարգի բերել չշահագործվող շինությունը, վերանորոգումներ կատարել, հարմարեցրել իրենց կենցաղին։
Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ՝ օտարվել է ՊՆ 70-ից ավելի անշարժ գույք։ Դրանց թվում էր ՊԵԿ-ի հաշվեկշռին փոխանցված նախարարության նախկին շենքը։
ՊԵԿ-ը դիմել է ոստիկանություն՝ տարածքն «ապօրինի ներխուժողներից» ազատելու պահանջով։
Բնակիչները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։