Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պետությունը պետք է օր առաջ ամեն ինչ անի՝ գերիներին հայրենիք վերադարձնելու, ոչ թե միայն բարձրագոչ հայտարարություններով բավարարվի. իրավապաշտպան

Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիների հովանավորն է. այդ մասին նշված է անգամ ՀՀ քաղաքացիների անձնագրերում, և սա պետք է լինի պետության դիրքորոշումը. ցանկացած երկրում իր քաղաքացու հանդեպ յուրաքանչյուր անարդարություն, մարդու իրավունքների յուրաքանչյուր խախտում, ոտնձգություն պետք է դատապարտվի պետության կողմից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՀՀ իշխանություններն ամբողջ ընթացքում լուռ հետևել են և այժմ էլ  շարունակում են լուռ մնալ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների առևանգման և նրանց 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելու առնչությամբ։  

Իրավապաշտպանի համոզմամբ՝ պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու մեխանիզմները ենթադրում են թե՛ հստակ գնահատականներ հնչեցնելը, և թե՛ միջազգային տարբեր ատյաններում սեփական քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնումները։

«Հայաստանը ՄԱԿ-ում, եվրոպական իրավապաշտպան կառույցներում պետք է խոսի իր քաղաքացիների խնդիրների մասին։ Մինչդեռ մեր դեպքում բավական մեծ անտարբերություն և անգործություն կա, և պետությունը չի կատարում իր հստակ ֆունկցիաները։

Պետության կողմից յուրաքանչյուր անգործություն տպավորություն է ստեղծում, որ պետությունը բավարար չափով ուժեղ չէ, որպեսզի քաղաքացին զգա, որ իր թիկունքում մեծ ուժ կա։ Ցանկացած անտարբերություն և անգործություն նմանատիպ զգացողություններ է ծնում տվյալ պետության քաղաքացիների մոտ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

 Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ տարի առաջ գերիների վերաբերյալ հնչեցրած խոսքերին, որ «Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար», իրավապաշտպանը շեշտեց՝ իշխանությունների կողմից գերիների հարցով ցանկացած շահարկում անթույլատրելի է։

«Մարդիկ անտանելի պայմաններում են, և պետությունը պետք է օր առաջ ամեն ինչ անի՝ նրանց հայրենիք վերադարձնելու, ոչ թե միայն բարձրագոչ հայտարարություններով բավարարվի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Սումգայիթի դատարանը հայ զինծառայողներին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման»  և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար:
Հիշեցնենք նաև, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը ադրբեջանցիների կողմից մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։