Զարմանալի ոչինչ չկա. սա շատ սպասելի գործընթաց էր, որովհետև բոլոր ժամանակներում ոստիկանության ապօրինի գործողությունները համաչափ պատասխանատվության չեն արժանացել։ Պատճառն այն է, որ ոստիկանին պատասխանատվության ենթարկելու գեթ մեկ դեպքը նշանակելու է, որ հաջորդ անգամ իշխանության ապօրինի հրամանները կատարող ուժայիններ այլևս չեն լինելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Հիշեցնենք, որ 2022թ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
«Ինձ համար մեծ մակարդակի անբարոյականություն է զոհված զինծառայողների ծնողներին ծեծելով գալ, խոնարհվել այդ նույն ծնողների որդիների շիրիմներին և հայտարարել, որ վարչապետն ուր ցանկանա, կարող է գնալ, որովհետև նա երկրի ղեկավար է։ Դա տոտալ անբարոյականություն է՝ անհասկանալի, անընդունելի և խիստ դատապարտելի՝ անկախ անձերից։
Հասկանալի է, որ բոլոր ժամանակների իշխանություններին պետք է բացառապես կամակատար ոստիկանություն, որը կկատարի ցանկացած հրահանգ՝ անկախ նրանից՝ այն անօրինական է, անհամաչափ է, թե ոչ։ Այնպես որ, կրկնում եմ, կայացված որոշման մեջ զարմանալի ոչ մի բան չկա. այսպես էլ պետք է լիներ»,- ասաց Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանի խոսքով՝ չնայած Սահմանադրությամբ բոլոր ժամանակներում մարդը բարձրագույն արժեք է հռչակվել, բայց իրականության մեջ երբեք այդպես չի եղել։
«Ես շատ հին եմ և հիշում եմ, թե ինչպես էին ասում, որ ոստիկանությունը բարեփոխում են։ Այնինչ ամբողջ նպատակը միշտ եղել է ունենալ կամակատար ոստիկանություն և շատ այլ համակարգեր։ Ինչո՞ւ. որովհետև գործող տրամաբանությամբ միայն այդպես է հնարավոր ղեկավարել երկիրը։ Այսինքն՝ ինստիտուցիոնալ առումով կայացած իրավական համակարգեր որևէ մեկին պետք չեն։
Հնարավոր չէ պատկերացնել, որ որևէ պաշտոնյայի ՝զոհված զինծառայողների շիրիմներին հասնելու և խոնարհվելու համար այդ նույն երիտասարդների ծնողներին բռնությամբ և ծեծով պետք է հեռացնեին տարածքից։ Նման բան ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց իրավապաշտպանը։
Նինա Կարապետյանցն ընդգծեց՝ ինքն առաջին իսկ օրվանից ասել է, որ այս միջադեպն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև հակառակ կողմը մշտապես հարց է ուղղել արդյոք պետք էր ապահովվել առաջին դեմքի անվտանգությունը։
«Ես հիմա էլ շարունակում եմ պնդել, որ երկրի առաջին դեմքի անվտանգությունը պետք է բավարար միջոցներով ապահովվի՝ տարբեր միջոցներ կիրառելով, բայց կոնկրետ Եռաբլուրի դեպքում սա առաջին միջադեպը չէր, և խիստ կանխատեսելի էր, որ կարող էին լինել այնպիսի ծնողներ, որոնք չէին ցանկանա թույլ տալ վարչապետի մուտքը Եռաբլուր։ Այդ մարդիկ համարում են, որ վարչապետի մեղքի բաժինը շատ մեծ է իրենց զավակների զոհվելու հարցում։
Այս պարագայում ի՞նչ պետք է աներ անվտանգության ծառայությունը կամ վարչապետն ինքը՝ որպես քաղաքական մարմին. նա պետք է հրահանգ տար, միջոցներ ձեռնարկեր, որպեսզի նման միջադեպ տեղի չունենար։ Օրինակ՝ միջոցառումից մեկ օր առաջ անվտանգության աշխատակիցները կարող էին գակ-փակել տարածքը, ինչպես որ պարբերաբար շրջափակում են և արգելում են այս կամ այն տարածքի մուտքը։
Թող փորձեին խոսել, պայմանավորվել զոհված զինծառայողղների հետ, խնդրեին այդ բանն անել հոգևորականներին կամ հեղինակավոր այլ մարդկանց»,- ամփոփեց իրավապաշտպանը։