Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի համար ի սկզբանե պարզ է եղել, որ Եռաբլուրում ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհվածների ծնողների գործը կկարճվի, և պատասխանատուներն ու իրագործողները անպատիժ կմնան։
«Եթե ոստիկանները չունենային հավաստիացումներ, որ զոհվածների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու համար չեն պատժվելու, որևէ գործողության չէին գնա։ Սա մեր պետականության, մեր ազգի խայտառակություն է, որովհետև մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ չեն հարգում հայրենիքի համար արյուն թափած զինվորի ծնողին»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Կարապետ Պողոսյանը նկատեց՝ Եռաբլուրն ատելի է ՀՀ գործող իշխանությունների համար, որդեկորույս, բայց պահանջատեր ծնողը՝ անընդունելի կերպար։
«Բայց եթե զոհվածների ծնողները համաձայնեին Նիկոլ Փաշինյանի տիկնոջից ինչ-որ գումար վերցնել և նրա հետ նկարվել, գեղեցիկ ֆոտոպատմություն կպատրաստեին և դրանով էլ ամեն ինչ կավարտեին։
Բայց այս դեպքում գործ ունենք պահանջներ ներկայացնող ծնողների հետ։ Մարդասպանը ցանկանացած պահի իր զոհի հարազատների նկատմամբ որոշակի թշնամանք ունի։ Եռաբլուրում ծնողների ծեծը հենց այդ թշնամանքի արտահայտումն էր։ Հայաստանում թե՛ դատական իշխանությունը, թե օրինապահ մարմիններն ընդամենը զբաղվեծ են մեկ գործով՝ պաշտպանելու երկրի թիվ մեկ կապիտուլյանտին, հետևապես նրանց նկատմամբ պատիժ ակնկալել նույնիսկ իմաստ չուներ»,- ասաց իրավապաշտպանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ եթե կարմիրբերատավորները կարող են որոշակի գործողություններ կատարել շարքային ցուցարարների նկատմամբ, քիչ թե շատ հասկանալի է, բայց եթե իրավապահները չեն հարգում զոհվածների ծնողներին, դա սրբապղծություն է։
«Ես իրենց ասել էի, որ սրբապիղծներ են, և հիմա էլ ասում եմ, որ ով զոհվածի ծնողի վրա ձեռք է բարձրացնում, բացի սրբապիղծ կոչվելուց այլ բան չի կարող կոչվել։ Բայց բոլորը պետք է իմանան, որ գալու է հատուցման օրը, վստահ եմ, որ այն չի ուշանալու»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «2022 թվականի սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում», ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:
Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ»: