Իրանում մահապատժի են ենթարկել ծեծկռտուքի ժամանակ սպանության համար դատապարտված 17-ամյա երիտասարդին։
Մահապատժի մասին հայտնել են նորվեգական Hengaw և Iran Human Rights (IHR) իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև պարսկալեզու արբանյակային Iran International հեռուստաալիքը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ Համիդրես Ասարին մահապատժի է ենթարկվել 2023 թվականի նոյեմբերի 24-ին Իրանի արևելյան Ռասավի Խորասան նահանգի Սաբսևար քաղաքի բանտում։ Hengaw-ը և IHR-ը, վկայակոչելով փաստաթղթերը, պնդում են, որ դեռահասը հանցագործության ժամանակ եղել է 16 տարեկան, իսկ մահապատժի ժամանակ՝ 17։ Գործի նյութերում ասվում է, որ Ասարին «կռվի ժամանակ տղամարդ է սպանել»։
Իրավապաշտպաններն ընդգծել են, որ Իրանը դրանով խախտում է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան, ըստ որի «երեխա» է համարվում մինչև 18 տարեկան ցանկացած անձ։ IHR-ն ընդգծել է, որ Իրանը աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ անչափահասները մահապատժի են դատապարտվում։