Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով․ տեղեկացնում է Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
«Ուշացած արդարադատություն. Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ, Նիկոլ, Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ Թուրքիայում նշիր հաղթանակդ՝ հայի նկատմամբ»,-գրել է նա:
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին: Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել էր 1 ամսով:
Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։
Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։
Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանն արձանագրել էր, որ նոր հանցանք կատարելու (Աշոտին կրկին առևանգելու) հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։