Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով եւս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առեւտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախօրոք մշակված սխեմաների, որոշ դեպքերում նաեւ դրանց համակցությամբ կիրառված եղանակներով, 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, բանկոմատների լիցքավորման եւ ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում 160 դեպքերով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Բանկի հիշյալ աշխատակցի վերաբերյալ մասը դեռեւս 2022թ. հոկտեմբերին անջատվել էր առանձին վարույթում եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:
Իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս հափշտակությունները միայնակ չի կատարել:
Ավելին՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ բաղկացած ինկասատորներից, բանկի այլ աշխատակիցներից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով ներգրավել է նաեւ հարազատ եղբորը եւ վերջինիս ընկերոջը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված մի քանի տասնյակ հափշտակությունների բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությանը մասնակից եւս ութ անձի ինքնությունը, վերջիններիս կողմից ՀՀ ողջ տարածքում առկա բանկոմատներից յուրաքանչյուրի կողմից հափշտակված գումարի չափը, հափշտակության մեխանիզմները, ինչպես նաեւ՝ խմբի անդամների, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:
Այսպես, «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները, բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետի, անվտանգության աշխատակցի եւ հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի հետ խմբի կազմում, բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու եւ ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելու ժամանակահատվածում, իրենց վստահված, բանկոմատների լիցքավորման համար նախատեսված 1000, 5000, 10000 եւ 20000 անվանական արժեքներով ՀՀ թղթադրամներով լիցքավորված դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնախես խոշոր չափերով գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ, որից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:
Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հափշտակությունները կատարվել են բանկոմատի համակարգչում մուտքային տվյալների փոփոխման, բանկոմատի լիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս մուտքագրման, բանկոմատի ապալիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս վերադարձման (դրամարկղ մուտքագրման), բանկոմատի համակարգչում նախնական տվյալների ջնջման եւ այլ տվյալների մուտքագրման միջոցով, ինչպես նաեւ առկա են նշված սխեմաներով նկարագրված գործողությունների համակցությամբ դրվագներ:
Այնուհետեւ, որպեսզի հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական եւ անշարժ գույքեր:
Միաժամանակ, վերջինիս եղբայրը, հաստատապես տեղյակ լինելով եղբոր կողմից հանցավոր գործունեության արդյունքում առանձնապես խոշոր չափերով գումարներ ձեռք բերելու մասին, այդ գումարների ծագման աղբյուրը եւ պատկանելությունը թաքցնելու նպատակով, իր անվամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շարժական գույք, իսկ այնուհետեւ իր ընկերոջ օժանդակությամբ իրականացրել է այդ շարժական գույքի փոխարկում, այն է՝ փողերի լվացում:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին եւ բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի անվտանգության աշխատակցին՝ 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով, բանկի աշխատակցի եղբորը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: