Հայաստանը երկրորդ չեմպիոնն ունեցավ Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջանությունում: Կանանց 76 կգ քաշայինների պայքարում Միլենա Խաչատրյանը երկամարտի 219 կգ արդյունքով թուրք մրցակցի նկատմամբ երկամարտում 4 կգ-ի առավելությամբ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Խաչատրյանը պոկում վարժությունում հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 92 կգ, 96 կգ եւ 99 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում գլխավերեւում պահեց նախ՝ 115 կգ, ապա՝ 120 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 125 կգ-ը ձախողեց: Հրում վարժությունում էլ Խաչատրյանն արժանացավ փոքր ոսկե մեդալի:
76 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել թուրք Դիլարա Ուչանը՝ երկամարտի 216 կգ արդյունքով (96+120), բրոնզե մեդալակիր՝ Լատվիայի ներկայացուցիչ Դանիելա Իվանովան (215, 97+118):
Միլենա Խաչատրյանը 2021 թվականի Եվրոպայի Մ20 առաջնությունում երկամարտի 220 կգ արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր: Իսկ թուրք Դիլարա Ուչանը նվաճել էր արծաթե մեդալ:
Ավելի վաղ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների պայքարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ). երկունս էլ մինչեւ 20 տարեկանների պայքարում:
Հոկտեմբերի 21-ին մրցահարթակ դուրս կգան նաեւ մինչեւ 20 տարեկաններ՝ Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), մինչեւ 23 տարեկաններ՝ Վարդան Մանուկյանը (89 կգ):