Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Կիսաեզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը, փոխանցում է armsport-ը:
Բաբլումյանն ուժերն է չափել ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովի հետ և երեք ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ 0-5 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով երրորդ մրցանակին:
Միսկարյանը մրցել է հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ. առաջին ռաունդն ավարտվել է մրցակցի, իսկ երկրորդ ռաունդը՝ հայ բռնցքամարտիկի հաղթանակով: Վճռորոշ՝ երրորդ ռաունդն, անցել է բավական լարված պայքարում և ավարտվել հունգարացու հաղթանակով՝ 5-2 հաշվով:
Այսօր՝ մայիսի 1-ին, ռինգ դուրս կգան նաև 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: