Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի ՖԲ էջիվ, –
Առաջին մասը այստեղ, –
…440-ական թվականների վերջին Հոնական տերության ճնշումը դանուբյան սահմանում ԱՀՌԵԼԻ ՉԱՓԵՐԻ ԷՐ ՀԱՍԵԼ և այս պայմաններում Բյուզանդական կայսրությունը, մոռանալով արևելյան սահմանի մասին, ստիպված էր առկա գրեթե բոլոր ուժերը տեղակայել այս ուղղությամբ, ինչից օգտվելով էլ Հազկերտ II-ը փորձեց իր դարավոր ախոյանին ատամներ ցույց տալ։ Արդյունքում, 441 թվականի գարնանը Հազկերտ II-ի ընդհանուր ղեկավարությամբ գործող Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000) ու նրա կազմում սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանի գլխավորությամբ գործող Հայոց այրուձին (30.000) ԱՍՊԱՏԱԿԵՑԻՆ Հայոց Միջագետքի արևմուտքը և Հյուսիսային Ասորիքը, սակայն, ուժի այդ բացահայտ ցուցադրումից հետո համարելով իրենց նպատակը իրականացված, նահանջեցին՝ ստանալով զգալի փրկագին ու այն քրիստոնյաներին, որոնք փախել էին Պարսից թագավորությունից և ապաստանել Բյուզանդական կայսրության սահմաններում։ Իրոք, Հազկերտ II-ին պետք էր, ըստ էության, թերևս ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ, քանի որ, եթե Բյուզանդական կայսրությունը լրջագույն խնդիրներ ուներ դանուբյան սահմանում և ողջ առկա ուժերն, ըստ էության, կենտրոնացրել էր այդ ուղղությամբ, ապա ոչ պակաս խնդիրներ էին հասունանում նաև Պարսից թագավորության արևելյան սահմաններում:
Իրոք, 440-ական թվականների սկզբին ԼԱՐՈՒՄԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐևԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ՄԵԾԱՑԵԼ ԷՐ, քանի որ ուժերը վերականգնած Հեփթաղական թագավորությունը, հրաժարվելով խոշոր ուժերով ներխուժում կազմակերպելու մի ժամանակ անհաջողություն բերած երբեմնի իր ռազմավարությունից, այժմ դրա փոխարեն ձեռնարկում էր բազմաթիվ մանր, բայց նաև զգալի վնասներ պատճառող ներխուժումներ: Միաժամանակ, ի տարբերություն երկու տասնամյակ առաջվա դրության, Հեփթաղական թագավորությունն այժմ իրենից ավելի կազմակերպված և, ըստ էության, ավելի վտանգավոր մի ախոյան էր ներկայացնում: Այս ամենը ի վերջո ստիպեց Հազկերտ II-ին վճռական միջոցների դիմել, ընդ որում բանը ի վերջո հասավ նույնիսկ նրան, որ, սկսած 442 թվականից 7 երկար տարիներ ԼՔԵԼՈՎ ՏԻԶԲՈՆԸ, արյաց արքան հաստատվեց Մերվում՝ ստիպված լինելով անձամբ ղեկավարել հեփթաղների դեմ մղվող մարտական գործողությունները:
Պետք է ասել, սակայն, որ այս անգամ արյաց արքան կարողացավ լիուլի օգտագործել պատերազմական գործողությունների այն միջոցը, ինչն իր ժամանակին օգտագործել չէր հաջողվել նրա հորը՝ խոսքը Հայոց փառապանծ այրուձիու մասին է, որի թվաքանակը հենց այս ժամանակի վերաբերյալ սկզբնաղբյուրներից մեկը ԳՆԱՀԱՏՈՒՄ Է 30.000 ռազմիկի սահմաններում։ Արդյունքում, ինչպես Հայոց այրուձին, այնպես էլ Իբերիայի թագավորության և արդեն գործնականում վերացած Մազքութական թագավորության տարածքում գտնվող մանր ու ամորֆ իշխանությունների հեծելազորները 442-449 թվականներին Հայոց սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանի գլխավորությամբ իրենց ԽՈՇՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵՑԻՆ Հեփթաղական թագավորության դեմ Պարսից թագավորության արևելքում մղվող պատերազմին: Հիշատակված ռազմական գործողությունների մանրամասները, սակայն, մեզ դժբախտաբար գրեթե չեն հասել, քանի որ պարսկական պատմական ավանդույթը միայն շատ հակիրճ տեղեկություններ է պահպանել նույնիսկ Հազկերտ II-ի մասին, իսկ իր ժամանակի հայ պատմիչներն էլ, իրավիճակն ըստ ամենայնի պատկերացնելով բավականին անորոշ և հիմք ունենալով թերևս միայն արևելքից վերադարձած Հայ ռազմիկների պատմածներն ու տարածվող լուրերը, գերադասում են ամեն ինչ ներկայացնել միայն ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՍՔԵՐՈՎ:
Այսպես թե այնպես, սակայն մեզ հասած սուղ և հատվածական տեղեկատվությունը հիմք է տալիս ասելու, որ Հազկերտ II-ը Հեփթաղական թագավորության դեմ պատերազմի էր ելել ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԻՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԳԱԼԻ ՄԱՍՈՎ: Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքին, ապա, ընդհանրացնելով առկա տեղեկատվությունը, կարելի է ասել, որ սկիզբ առած պատերազմն ընդունել էր դեպի Հեփթաղական թագավորության խորքը կազմակերպվող ամենամյա արշավանքների տեսք, ընդ որում արյաց արքայի բանակը, այդպես էլ չհասնելով վճռական հաջողության, այդ հարվածների ընթացքում զգալի կորուստներ էր կրում: Եվ վերջապես պետք է մատնանշել ևս մեկ հետաքրքիր հանգամանք՝ արյաց արքան ամեն երկու տարին մեկ ռոտացիոն սկզբունքով փոխում էր մարտական գործողություններին մասնակցող իր դաշնակից ուժերի կազմը՝ իրենց տներն ուղարկելով ծառայությունն ավարտած ռազմիկներին և նրանց փոխարինելով նորերով:
Սկսած արդեն 442 թվականից և ընդհուպ մինչև 448 թվականը, ներառյալ` Պարսից թագավորության բանակը, ինչպես արդեն ասվեց, մի քանի ՀԵՏևՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՐԵՑ Հեփթաղական թագավորությանը, բայց արդյունքում որևէ շոշափելի հաջողության այդպես էլ չհասավ: Ցանկանալով գոնե մի որևէ կերպ փոխել իրավիճակը՝ Հազկերտ II հսկայական մի հարված նախապատրաստվեց հասցնել արդեն 449 թվականին, ընդ որում դրա հետ միաժամանակ էլ նա որոշեց լուծել նաև իր երկրի ներքաղաքական ամենակնճռոտ հարցերից մեկը՝ քրիստոնյաների խնդիրը:
449 գարնանը Հազկերտ II-ի ընդհանուր ղեկավարությամբ գործող Պարսից թագավորության բանակը (մոտ 220.000) ու նրա կազմում սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանի գլխավորությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 30.000) հերթական անգամ մտան Հեփթաղական թագավորության տարածք: Սկիզբ առած մարտական գործողությունները, ընդունած մանր ընդհարումների բնույթ, ձգվեցին մինչև աշուն, ինչի արդյունքում Հազկերտ II-ը ի վերջո ստիպված եղավ հերթական անգամ նահանջի հրաման տալ: Մինչ այս, սակայն, ամենայն հավանականությամբ համարելով, որ հեփթաղների խնդիրն այս անգամ պետք է որ վերջնականապես իր լուծումը ստանա, ի վերջո Տիզբոն վերադարձած ինքնասեր արյած արքան, ենթարկվելով Միհրներսեհի դրդումներին, ՀԱՏՈՒԿ ՄԻ ՀՐՈՎԱՐՏԱԿՈՎ ԴԻՄԵՑ ԻՐ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԴԱՌՆԱԼ ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ:
Գլուխ 8
Վարդանանց պատերազմը.
Մարզպանական Հայաստանի I ապստամբությունը
Պետք է ասել, սակայն, որ Մարզպանական Հայաստանում ու հարևան քրիստոնյա երկրներում Հազկերտ II-ի դեմ մինչ այդ իր հերթին ևս ԶԳԱԼԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԿՈՒՏԱԿՎԵԼ: Նոր արքան նման չէր ամեն ինչին որոշակիորեն ավելի թեթև վերաբերվող իր հորը և հետևողականորեն սահմանափակում էր բոլոր քրիստոնյա հպատակների վարչական ու քաղաքական իրավունքները, իսկ այս պայմաններում, երբ բանը հասավ արդեն կրոնափոխության առաջարկին, պայթյունը, թերևս, արդեն անխուսափելի էր: Այս ամենով հանդերձ պետք է նշել, որ պարսից կենտրոնական իշխանության դեմ ելույթին, համենայն դեպս գոնե 449 թվականի վիճակով, քրիստոնյաները ԱՅՆՔԱՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ ամենից առաջ հենց կազմակերպչական մակարդակում:
Իրոք, կենտրոնացված պետության անկումից հետո, համենայն դեպս գոնե հայերի պարագայում, սա առաջին զանգվածային միջոցառումն էր: Նման գործողությունը դժվար էին կազմակերպվում դեռևս կենտրոնացված իշխանության առկայության պարագայում, իսկ այժմ, երբ երկիրը ավելի էր խրվել ֆեոդալական հարաբերությունների հորձանուտում, ամեն ինչ ավելի էր դժվարացել:
Հաշվի առնելով այս ամենը՝ ինչ-որ ժամանակ 449 թվականի օգոստոսին Արտաշատում հավաքված հայ, ինչպես նաև վրաց նախարարները որոշեցին, թեև այնուհանդերձ մերժելով արյաց արքայի պահանջը, գործն ամեն դեպքում անմիջական սրացման չհասցնել: Այս առումով հատկանշական է, որ հենց այստեղ արդեն իսկ ձևավորվեց ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀՍՏԱԿ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, երբ Մամիկոնյաններն և Կամսարականները իրենց մեծաթիվ կողմնակիցների հետ միասին առավել անզիջում դիրք գրավեցին, իսկ Վասակ Սյունին մի քանի այլ ու ավելի փոքրաքանակ նախարարների հետ էլ դեմ դուրս եկավ այս դիրքորոշմանը: Առժամանակ տատանվում էին Բագրատունիներն և Արծրունիները, թեև ուժերի ընդհանուր քանակության մեջ, հաշվի առնելով նաև երկրորդ էշելոնի տոհմերին, ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ ԷԻՆ Մամիկոնյանների ու Կամսարականների կողմնակիցները: Այս առումով թերևս ավելորդ էլ է ասել, որ Հայ առաքելական եկեղեցին ևս հստակորեն կանգնեց անզիջում դիրքորոշում արտահայտող նախարարների կողքին:
Այսպես թե այնպես, սակայն, առժամանակ մի կողմ դնելով հակասությունները, կազմվեց և Տիզբոն ուղարկվեց ՄԵՂՄ ՏՈՆԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԳՐՎԱԾ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ, որը, սակայն, դրանով իսկ հանդերձ, անլուր կատաղության գիրկը նետեց արյաց կամակոր արքային, ընդ որում առանց այդ էլ բռնկուն Հազկերտ II-ին ավելի էր գրգռում հատկապես Միհրներսեհը: Քրիստոնյաների մերժումը համարելով կենտրոնական իշխանության դեմ դրսևորած բացարձակ մի անհնազանդություն՝ Հազկերտ II-ը և նրա անունից կառավարող Միհրներսեհը մի նոր հրովարտակ ուղարկեցին քրիստոնյա առաջնորդներին՝ պահանջելով վերջիններիս ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՏԻԶԲՈՆ և ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼ: 449 թվականի աշնանը հայ և վրաց նախարարները մեկնեցին Տիզբոն, որտեղ փորձ կատարեցին մեղմել իրադրությունը ու ընդունված որոշումից հետ համոզել Հազկերտ II-ին, սակայն արյաց արքան մնաց անկոտրում և նույնիսկ ավելին՝ սպառնաց անմիջապես մահվան գիրկը նետել բոլոր ընդդիմացողներին, եթե հենց այդ ժամանակ տեղի չունենա կրոնափոխություն ու չտրվի համաձայնություն: Ստեղծված բացառիկ պայմաններում հայ ու վրաց նախարարները որոշեցին խորամանկել և, առերևույթ ընդունելով զրադաշտականությունը, ազատություն ձեռք բերել, վերադառնալ իրենց տիրույթները ու դրանից հետո նոր միայն արդեն գործել:
Տիզբոնում ծավալվող իրադարձությունների մասին լուրերը ԵՐԿԱԿԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԻՆ ԴՆՈՒՄ Պարսից թագավորության արևելքում գործող Հայոց և դաշնակից այրուձիներին: Տեղեկատվությունը, հատվածական և անորոշ, բայց այսպես թե այնպես հասնում էր հեփթաղական սահմանում գործող ռազմիկներին, իսկ այդ հանգամանքը չէր կարող իր հետևանքները չունենալ: Այս առումով մի կողմից պարզ էր, որ իրենց հայրենի երկրներում բռնկվող հնարավոր ապստամբության պայմաններում հեփթաղների դեմ գործող ռազմիկները պետք էին լինելու ՀԵՆՑ ԱՅԴՏԵՂ, այլ ոչ այստեղ՝ հեփթաղների դեմ, իսկ մյուս կողմից էլ այստեղ, կռվելով իրենց հնարավոր թշնամիների թշնամիների դեմ, նրանք, ըստ էության, աջակցելու էին սեփական երկրների ու ազգակիցների դեմ ոտնձգող պաշտոնական Տիզբոնին: Եվ վերջապես չէր կարելի բացառել նաև այն բանի հավանականությունը, որ Պարսից թագավորության մեծաքանակ բանակը ինչ-որ մի պահի կարող էր ԻՐ ԳՐԿՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԽԵՂԴԵԼ, զինաթափել և նույնիսկ ոչնչացնել քրիստոնյա ռազմիկներին կամ էլ, իրերի այլ դասավորության պարագայում, նրանց ԴՆԵԼ ՀԵՓԹԱՂՆԵՐԻ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ՈՒ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐԴԵՆ ԱՅԴ ԿԵՐՊ: Հաշվի առնելով այս ամենը՝ Պարսից թագավորության արևելքում մարտնչող քրիստոնյա ռազմիկները պատրաստվեցին շարժվել իրենց երկրների ուղղությամբ:
Շարունակելի…