Azgonline.am-ը սկսում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –
Նյութի առաջին մասը այստեղ – ,
Խրիմյան և Փորթուգալյան Մկրտիչների հայրենանվեր գաղափարների հետևորդը թեև երիտասարդ էր, անփորձ, սակայն չընկրկեց դժվարություններից, այլ Կենտրոնականի առաջին շրջանավարտ համախոհների հետ մեծ նվիրումով, խանդավառ ու ավելի համախմբված շարունակեց ավագների սկսած գործը: Ավելի զարգացրեց ավագ սերնդի ձեռնարկած կրթական շարժումը և ընդլայնեց դպրոցական ցանցը: Խանդավառեց Մ. Փորթուգալյանի սփռած ազատաշունչ ոգուց ազգային ինքնագիտակցության բավարար մակարդակի հասած այդ սերնդին, ով պարզորոշ գիտակցում էր, որ բարոյական ու կրթամշակութային շատ ավելի բարձր արժանիքներ ունեցող հայությունը չպետք է ստրուկ մնա իր իսկ հայրենիքում:
Արմենական կուսակցության կազմակերպական կորիզը դարձավ Կենտրոնականի 12 շրջանավարտներից բաղկացած Փորթուգալյանի հիմնած «Գործակցական Միությունը»: Նրանց թվում էին Մ. Ավետիսյանը, Ռ. Շատվորյանը, Գր. Պեոզիկյանը, Գր. Թերլեմեզյանը, Գր. Աճեմյանը (գուրգեն Մահարու հայրը), Գար. Բաղեշցյանը, Ղ. Խանջյանը (Աղասի Խանջյանի հայրը), Գր. Օտյանը, Գ. Ասլանյանը (Ե. Գոնտակճյանը, Գ. Ասլանյանն ու Գ. Նաթանյանը մեկնել էին Վանից) (քանի որ վերջիններս «Արմենիա» թերթի համախոհներն էին և տարածում էին այն՝ ժողովուրդը նրանց անվանեց արմենականներ): Կուսակցությունն ստեղծվեց խիստ գաղտնի և առանց աղմակալից հայտարարու-թյուններ: Արմենականների ծնունդով Պոլսի պատրիարքանի մեջ սահմանափակված Հայկական հարցը փոխադրվեց գավառ: հիմնադիրների մեջ իր խիզախությամբ ու համարձակությամբ, ազնիվ, խոհուն նկարագրով ու գաղափարական նվիրվածությամբ առանձնանում էր տաղանդաշատ առաջնորդ Մ. Ավետիսյանը: Ժամանակակիցները բարձր են գնահատել նրա մարդկային առաքինությունները. հայրենասիրությունը, դաստիարակի ու առաջնորդի անուրանալի կարողությունները: Նա մեկն էր հայոց Ազատամարտի այն նվիրյալներից, որոնք մի ձեռքում սուր են պահել, մյուսում` գրիչ:
Լինելով տեղացիներ և լավ իմանալով երկրի կացությունն ու թշնամու նենգությունը՝ իրատես, գաղտնապահ ու խոհեմ գործելակերպի կողմնակիցներ արմենականները գործունեություն ծավալեցին երեք հիմնական ուղղություններով.
- կրթական-լուսավորական շարժում,
- զենքի հայթհայթում և զինավարժություն:
- Ազատագրական գաղափարաների քարոզչություն
Շնորհիվ անզուգական առաջնորդի խելացի գործունեության՝ արմենականների գործելակերպը ընդունելություն գտավ ժողովրդի մեջ և կարճ ժամանակում Վասպուրականում արմատավորվելով տարածվեց նաև Արևմտյան Հայաստանի այլ գավառներ և մի քանի գաղթօջախներ, որտեղ ստեղծվեցին կուսակցության մասնաճյուղեր: Արմենականները կարողացան շատ կարճ ժամանակամիջոցում Վանում կուտակել զգալի քանակությամբ զենք-զինամթերք և դաստիարակել անձնազոհ ու ազգանվեր համխոհների ու համակիրների բանակ:
Խուսափելով թուրքական հետապնդումներից՝ 1886 թ. Մ. Ավետիսյանն անցնում է Պարսկաստան և Սալմաստի 12 հայաբնակ գյուղերում բաց է անում վարժարաններ և ինքն էլ դասավանդում մի քանի առարկաներ: Երկու տարի պարսկաստանում մնալուց հետո, որտեղ շնորհիվ մարդասիրության ու անաչառ վարքագծի մեծ հեղինակություն էր վայելում, Ավետիսյանը ռուսաստանի վրայով անցնում է Կ. Պոլիս:
Այստեղ էլ թուրքական իշխանությունները բռնում են Մ. Ավետիսյանին, դատում ու աքսորում են հյուսիսաֆրիկյան Տրիպոլի: Օգտվելով նպաստավոր իրավիճակից, նա կարողանում է փախչել աքսորավայրից և մեծ զրկանքներ ու տառապանքներ կրելով` հասնել Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ գտնում է Մ. Փորթուգալյանին, ով խույս տալով ձերբակալությունից, հաստատվել էր այստեղ ու 1885 թ. աշնանից հրատարակում էր «Արմենիա» թերթը: Մ. Ավետիսյանն սկսում է աշխատակցել «Արմենիային» և որպես նրա թղթակից, այցելում է եվրոպական խոշոր կենտրոնները, այնուհետև Հյուսիսային Ամերիկա և այլ երկրներ, ուր հայաշատ գաղթօջախներ կային: Ամենուրեք նա անում էր ամեն ինչ թերթն ու արմենականության գաղափարախոսույթունը տարածելու և կուսակցության մասնաճյուղեր հիմնելու համար: Կարճ ժամանակ հետո, շատ հայահոծ գաղութներում սկսեցին ակտիվորեն գործել կուսակցության մասնաճյուղեր, որոնք հետագա տարիներին զգալի ներդրում ունեցան մեր ազատագրական պայքարի և հայապահպանության գործում: