ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Հայտնումեն ՄԻՊ գրասենյակից:
Հատուկ շեշտադրվել են հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման, խտրականության արգելքի սկզբունքի պատշաճ իրացման, անհամաչափ ուժի բացառման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառին վերաբերելի մի շարք այլ հարցեր։
Պաշտպանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը, անդրադարձել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, բարձրաձայնել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապության և գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցերի մասին:
Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանում կալանավորված զինծառայողներին այցին։ Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել այցի արդյունքներով իր դիտարկումներն ու վերջիններիս իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։
Անահիտ Մանասյանը խոսել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրեր Մարդու իրավունքների պաշտպանի կատարած փաստահավաք այցերի արդյունքների մասին, ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ վարքագծի հետևանքով ի թիվս այլնի տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերը, երեխաների իրավունքների վերաբերյալ արձանագրած խախտումները:
Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:
«Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ: Եթե նույնիսկ, որոշակի իրավիճակով պայմանավորված, դրանք առկա են, ապա պետք է փնտրել այդ փակ դռները բացելու հնարավորություններ։ Հակառակ պարագայում մարդու իրավունքների պաշտպանության մեր առաքելությունը հաջողված համարել հնարավոր չի լինի»,- շեշտել է Պաշտպանը։
Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵԽ պատրաստակամությունը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցելու է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ։