Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանիn, այլև ողջ մարդկությանը

7

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ։

Ավելի քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը»‎: