«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երևանում բակային հանդիպումներ սկսելը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր թիմակիցները մարզային այցելություններ էին իրականացնում: Նրանք եղան հայաստանյան մի շարք մարզերում, սակայն, եթե առաջին այցերը մարդաշատ էին, հատկապես` Սյունիքում, Արագածոտնում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում էին Սրբազանի հետ հանդիպումներին, ապա վերջին հանդիպումներն ակնհայտորեն սակավամարդ էին՝ Գեղարքունիքում, Արարատի մարզում։
Արարատի մարզի վարչական ղեկավարներից մեկը մեզ պատմեց, որ մինչ սրբազանի այցը տեղական իշխանությունը հատուկ զգուշացրել է համայնքի ղեկավարներին, վարչական ղեկավարներին՝ որ համայնքում Սրբազանի հետ հանդիպումները մարդաշատ լինեն, այդ համայնքները կզրկվեն պետական ծրագրերից, սուբսիդիաներից, մինչև անգամ թոշակառուներին են վախեցրել, որ թոշակից կզրկվեն։
Մարզի բնակիչներն էլ նախընտրել են անցավ գլուխները ցավի տակ չդնել, մինչև անգամ համոզել են ակտիվ ընդդիմադիրներին, որ չմասնակցեն Սրբազանի հավաքներին՝ իրենց համայնքը, գյուղը չդարձնելով իշխանության թիրախ։ Եվ տեղական «հայրենասիրությունը» հաղթել է»։