30 տարի առաջ՝ 1994 թվականին օգոստոսին լույս տեսավ «Առավոտ» թերթի առաջին համարը: Նույն թվականի դեկտեմբերի 6-ից առ այսօր այդ լրատվամիջոցի խմբագիրը ես եմ, պայծառ հիշատակ «Առավոտի» առաջին խմբագիր, բանաստեղծ Իգնատ Մամյանին:
30 տարում, իհարկե, շատ բան է փոխվել քաղաքական եւ լրատվական դաշտում, փոխվել է նաեւ լրագրությունը՝ տեխնիկապես եւ ստեղծագործական առումով: Եթե չլիներ գերնպատակ, եթե չլիներ ձգտում ինչ-որ բան անփոփոխ թողնելու, պահպանելու, կասեի անգամ՝ պաշտպանելու, մենք, իհարկե, երեք տասնամյակ չէինք դիմանա: Փորձեմ հակիրճ ձեւակերպել, թե ինչ ենք մենք փորձում ապացուցել այս 30 տարիների ընթացքում: Որ կարելի է, ունենալով սեփական կարծիքը, առանց վիրավորելու եւ առանց վիրավորվելու, առանց պիտակներ կպցնելու եւ որեւէ մեկին ստորացնելու, լսել, մարսել եւ վերարտադրել ՑԱՆԿԱՑԱԾ կարծիք (օրենքի եւ էթիկայի սահմաններում):
Եվ ոչ միայն կարծիք, այլեւ լուր, որը կարող է տհաճ, անցանկալի, ոչ ձեռնտու լինել: Դա հաճախ տարակուսանք է առաջացնում, երբեմն տեղիք է տալիս «երկրորդ հատակի» փնտրտուքի, երբեմն մեղադրանքների՝ «համ մեխին եք խփում, համ նալին»: Պատահում է, որ այդ խառը զգացմունքների «սուբլիմացիան» ի հայտ է գալիս պնդումների տեսքով՝ «մենք գիտենք, որ դուք սրանն եք կամ նրանը»:
Մարդիկ կան, որոնք չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է ոչ մեկինը չլինել: Այդ մարդկանց ավելի հեշտ է ապրել՝ բոլորին ինչ-որ մի խրամատի մեջ մտցնելով:
Վաղուց արդեն ուշադրություն չենք դարձնում այդ խոսակցություններին:
30 տարի դիմանալու համար բավարար չէ լինել պարզապես «Առավոտի» աշխատակից, պետք է լինել ԸՆՏԱՆԻՔ: Ընդ որում, այդ ընտանիքի մեջ մտնում են ոչ միայն այսօր մեր լրատվամիջոցում աշխատողները, այլեւ բոլոր նրանք, ովքեր երբեւէ «Առավոտում» աշխատել են:
Ես այդ ընտանիքի անդամ եմ համարում նաեւ այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ իրենց օրը սկսում են «Առավոտով»: Այդպիսի մարդիկ քիչ չեն: Իհարկե, պատրանք չունեմ, թե դա մի քանի հարյուր հազարանոց զանգված է: Չի կարող պատահել, որ միլիոնավոր մարդիկ մեզ նման մտածեն:
Ես անչափ շնորհակալ եմ «Առավոտի» մեծ ընտանիքին, անկեղծ սիրով եմ լցված այդ մարդկանց հանդեպ եւ հավատում եմ, որ մեր խոսքից աշխարհում ինչ-որ բան կփոխվի:
Դեպի լավը, իհարկե:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»