«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը նախորդ տարվա՝ 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում կնքել է ապահովագրական 2 գործարքի պայմանագիր։
Պայմանագրերից մեկի արժեքը կազմել է 2 մլն 057 հազար դրամ, որը Ազգային ժողովի՝ 2024 թվականի կարիքների համար տրանսպորտային միջոցների ապահովագրման ԱՊՊԱ ծառայությունների ձեռք բերման համար է։ Գործարքի կատարողը «Գործակալ 1» ՍՊԸ-ն է, սակայն ապահովագրություն իրականացնող ընկերությունները եղել են «Սիլ Ինշուրանս»-ն ու «Լիգա Ինշուրանս»-ը։ Պայմանագրով ապահովագրվել է 41 մեքենա՝ Toyota, BMW, Nissan և Mercedes մակնիշների։
Գաղտնիք չէ, որ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Վերջինս երկար տարիներ եղել է Ալեն Սիմոնյանի գործատուն և մեծ ավանդ է ունեցել Սիմոնյանի կայացման գործում:
Հավելենք, որ մեկ այլ ապահովագրական պայմանագրի արժեքը կազմում է 1 մլն 936 հազար դրամ, որը 1 տարով ապահովագրություն է մեկ մեքենայի համար։ Այդ մեքենան պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. BMW 750Li ծառայողական մեքենան է, որը ձեռք է բերվել 2022 թվականին 90 մլն դրամով։ Նշենք նաև, որ նույն մեքենան ապահովագրվել էր նաև նախորդ պայմանագով։ 2-րդ պայմանագիրն իրենից ենթադրում է «ԿԱՍԿՈ» ապահովագրություն, որը ենթադրում է ապահովագրություն ճանապարհային պատահարներից, վնասվածքներից, որոնք ստացել է թռչող կամ վայր ընկնող առարկաներից, երրորդ անձանց հակաօրինական գործողություններից։ Այն ենթադրում է 100% ապահովագրական փոխհատուցում։
Ինչպես վերը նկատեցինք, նման թանկարժեք պայմանագրեր Ալեն Սիմոնյանը կնքել է իր վաղեմի բարեկամի ընկերության հետ ըստ երևույթին իրենց հարաբերությունների վատացման պատճառով, որպեսզի քավի իր մեղքերը Խաչատուր Սուքիասյանի առաջ: Բանն այն է, որ նախորդ տարվա ԱԺ նիստերից մեկում Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Խաչատուր Սուքիասյանին դահլիճում կողքին նստածի հետ զրուցելու համար, ինչին ի պատասխան՝ Սուքիասյանը նախատեց, որ մյուս անգամ իրեն նկատողություն չանի: Հիմա Ալեն Սիմոնյանը փորձում է իր նախկին ղեկավարին կրկին հաճոյանալ նոր պայմանագրերի կնքման միջոցով»։