«Ունիսոն» հ/կ-ն այս օրերին զբաղված է հաշմանդամություն ունեցող արցախցիներին օգնություն տրամադրելով և նրանց մասնակցությամբ սեմինարներ կազմակերպելով։
Ինչպես Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, մինչ այս պահը արցախցի կարիքավոր 60 ընտանիքի տրամադրվել է սննդի և հիգիենայի պարագաների 60 փաթեթ, ընդ որում՝ ընտրվել են այնպիսի ընտանիքներ, որոնք պարտադիր հաշմանդամություն ունեցող անդամ ունեն։
«Սակայն օգնության այդ աղբյուրն արդեն սպառվել է, մեզ տեղեկացրել են, որ նոր խմբաքանակ չի լինելու։ Բայց մենք, բնականաբար, այսքանով չենք սահմանափակվելու։ Բանակցում ենք այլ մարդկանց հետ։ Շատ մարդիկ մեզ օգնություն են առաջարկում, անգամ դրամական փոխանցումներ կատարում, ինչի համար շատ շնորհակալ ենք։
Մեզ կրկին որոշակի քանակությամբ սնունդ են առաջարկում՝ կլինեն առանձին անհատներ, թե նախաձեռնություններ։ Կոնկրետ այսօր սննդի նոր հավաքածու առաջարկեցին, որի մի մասն արդեն ուղարկել ենք, մյուս մասն էլ շուտով կուղարկենք։ Իրականում սննդի մի քանի տասնյակ դիմում ունենք։ Նաև հագուստներ ենք հավաքագրում, իդեալական վիճակում գտնվող մանկական հագուստ ենք ունենում և տրամադրում»,- պատմեց Արմեն Ալավերդյանը։
«Ունիսոն» հ/կ-ի նախագահը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենք առաջին հերթին օգնում են ծանր հաշմանդամություն ունեցող արցախցի ընտանքներին։ Այսքան ժամանակ բացառություն են արել ընդամենը մեկ ընտանիքի համար, որտեղ հաշմանդամություն ունեցող անձ չի եղել, եղել են երեք կանայք։
«Այդ ընտանիքը չորս զոհ ուներ. ընտանիքի բոլոր տղամարդիկ զոհվել էին՝ ոմանք պատերազմի ընթացքում, ոմանք՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով։ Նրանք հաշմանդամության վերաբերյալ փաստաթղթեր չունեին, բայց մենք օգնեցինք այդ ընտանիքին, քանի որ դրա կարիքը շատ ունեին»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Ալավերդյանը նշեց, որ սննդին և հիգիենայի պարագաներին զուգահեռ՝ այս օրերին հաշմանդամություն ունեցող չորս արցախցու տրամադրել են նաև անվասայլակներ, ևս երկու էլեկտրական անվասայլակ ստանալու շուրջ բանակցություններ են վարում։
«Հիմնականում օգնում ենք հաշմանդամություն ունեցող մեծահասակ արցախցիներին՝ չնայած կան նաև ծանր խնդիրներ ունեցող երեխաներ։ Բոլոր դեպքերում, կլինի մեծահասակ, թե երեխա, փորձում ենք գոնե որոշ չափով թեթևացնել ընտանիքի հոգսը։
Այս պահին ունենք քայլակներ։ Այդ մասին ինֆորմացիան չեմ հասցրել հանրայնացնել, որպեսզի ցանկացողները գան և վերցնեն։ Կան մարդիկ, որոնք հիգիենայի յուրահատուկ պարագաների, օրինակ՝ տակդիրների կարիք ունեն։ Դրանք ևս փորձում ենք տրամադրել։ Մեզ շատ է օգնում «Վիվա» հիմնադրամի հետ համագործակցությունը»,- ասաց «Ունիսոն» հ/կ-ի նախագահը։
Վերջում Արմեն Ալավերդյանը նշեց, որ ցանկացողները կարող են դրամական փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Ամերիաբանկ 1570003116450400 ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԻՍՈՆ ՀԿ
ՆՊԱՏԱԿ՝ Օգնություն բռնի տեղահանված հաշմանդամ արցախցիներին