Նախևառաջ հարկավոր է նկատել, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ակադեմիական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և ոչ մի ակադեմիկոս կամ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ՝ գիտնական, ոչ մի համալսարանի ներկայացուցիչ՝ դասախոս կամ ուսանող: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Կառավարությունն ակադեմիական քաղաքը պատկերացնում է մի վայր, որտեղ, լավագույն դեպքում, կան համապատասխան շենքեր ու ենթակառուցվածքներ և որտեղ կարելի է միավորելով տեղափոխել գոյություն ունեցող բուհերն ու գիտական կազմակերպությունները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատմանը։
«Դա կլինի ուղղակի մեխանիկական տեղափոխում՝ գիտնականներից ու ուսանողներից ազատելով Երևանում գոյություն ունեցող շենքերը: Իսկ թե ինչպիսի՞ն պիտի լինի բովանդակությունը՝ ոչ ոքի առայժմ հետաքրքիր չի, նախագծից էլ չի երևում:
Պետք է նշել, որ իսկական Ակադեմիական քաղաք ունենալու, գիտությունն ու բարձրագույն կրթությունը օրգանապես միաձուլելու, երկրում գիտության զարգացման համար կարևոր է միջազգայնացումն ու համաշխարհային փորձի ուսումնասիրությունը:
Այստեղ, առաջին հերթին, ուսանողների համար պիտի լայն հնարավորություններ ստեղծվեն մասնակցելու միջազգային ծրագրերին, պրակտիկան անցկացնել համալսարաններին կից գործող ձեռնարկություններում ու ստարտափերում, իրականացնել հետազոտական նախագծեր միջազգային թիմերում և այլն: Ըստ էության, մեծ քաղաքներից դուրս համալսարանական կամպուսները «համաշխարհայնացման կենտրոններ» են, որտեղ միախառնվում են տարբեր մշակույթներ՝ ապահովելով գիտության ու կրթության շաղկապված զարգացումը, իսկ ուսանողների համար այն լավագույն հնարավորությունն է՝ դառնալ առավել մրցունակ գլոբալ շուկայում»,- նշեց մեր զրուցակիցը:
Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ «քաղաքից դուրս» տեղափոխվելիս համալսարանները բախվում են մի շարք դժվարությունների. դժվարանում է ուսանողների հավաքագրման գործընթացը, որովհետև ուսանողների մեծամասնությունը չի ցանկանում տեղափոխվել: Պրոֆեսորադասախոսական կազմը ևս դժկամությամբ է տեղափոխվում «քաղաքից դուրս»․ այդ գործընթացը միշտ բերում է լավագույն կադրերի կորստին։
Մյուս կողմից, միշտ չէ, որ կարելի է ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ՝ անհրաժեշտ քանակի և որակի բնակարաններ, ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր և այլն:
«Հիմա, գալով մեր իրականությանը, պետք է հարցնել Կառավարությանը. արդյոք այդպիսի «քաղաքի» կարիքն հիմա զգացվում է, երբ ուսանողների թիվը պակասել է մի քանի անգամ, իսկ դիմորդների թիվը գնալով նվազում է:
Մյուս կողմից, հայտնի է, որ աշխարհի լավագույն հետազոտական համալսարանների բյուջեները հարյուրապատիկ մեծ են Հայաստանի կրթությանն ու գիտությանը հատկացվող բյուջեից և համեմատական են ՀՀ տարեկան ողջ բյուջեին: Արդյոք մեր երկիրն ի վիճակի է սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ստեղծված իրավիճակում ֆինանսավորել և ունենալ գոնե մեկ այսպիսի համալսարան կամ գիտահետազոտական կենտրոն, որը կարողանա գործել ու համաքայլ զարգանալ աշխարհի լավագույն համալսարանների հետ զուգահեռ։
Թե մեր նպատակն ընդամենը մի քանի մասանոց շոու, ներկայացում կազմակերպելն է և ոչ թե բարձրագույն կրթության որակի էական բարձրացումը, որը պիտի հանգեցներ հայկական կրթության արտահանմանը՝ միջազգային ուսանողների ակտիվ ներգրավմանը»,- հարց հնչեցրեց Ատոմ Մխիթարյանը:
Իսկ թե ի՞նչ կշահեն այս նախագծից ակադեմիական հանրությունը և ուսանողությունը, ըստ կրթության փորձագետի՝ լավագույն դեպքում ոչինչ, եթե, իհարկե, կորուստներ չունենանք։
«Նրանք չեն, ցավոք սրտի, այս նախագծի շահառուները։ Այլապես հենց գիտնականներն ու բարձրագույն կրթության ոլորտի մասնագետները հենց այս փուլում ներգրավված կլինեին Ակադեմիական քաղաքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ Ակադեմիական քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Այն պատրաստ կլինի 2030 թվականին, կտեղավորի մինչև 16 բուհ և մոտ 44 հազար բնակչություն։