Ինչպես հայտնի է, Երևանի պետական մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է մեկնարկել։ Նախաձեռնության հեղինակը Երևանի ավագանու նախկին անդամ, «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համակարգող, մանկավարժ Աննա Ջավախյանն է։
Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստորագրահավաքի տեքստում էլ եմ գրել, հիմա էլ ուզում եմ հատուկ շեշտել` մանկապարտեզի տեսախցիկները որքան երեխաներին են պաշտպանելու ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, ճիշտ նույն կերպ էլ աշխատակիցներին են պաշտպանելու թե ծնողների զրպարտությունից, թե վերադասի կողմից հետապնդումներից, միշտ ապացուցելի է լինելու կատարված բարեխիղճ աշխատանքը։ Ես ուզում եմ, որ մանկապարտեզի տարածքում պաշտպանված լինեն թե երեխան, թե դայակն ու դաստիարակը»։
Azg.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց երևանյան պետական մի քանի մանկապարտեզների տնօրենների հետ՝ փորձելով ճշտել՝ արդյոք վերջիններս ողջունում են նոր նախաձեռնությունը, թե դեմ են մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրելու պրակտիկային։
Երևանի թիվ 124 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Նադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը միայն կողմ է այս նախաձեռնությանը։
«Ես կողմ եմ երկու առումով՝ և՛ իրավունքի տեսակետից, և՛ պարտականությունների՝ և՛ աշխատակիցների, և՛ ծնողների, և՛ երեխաների մասով։ Կարծիքս միայն դրական է։
Այս պահին, այս պայմաններում տեսախցիկները խիստ անհրաժեշտ են՝ բոլոր առումներով, բայց ցավոք սրտի, մեր մանկապարտեզում տեսախցիկներ առայժմ չկան»,- ասաց նա։
Հարցին՝ ինքը, որպես մանկապարտեզի տնօրենի ժ/պ, երբևէ ականատես եղե՞լ է, որ իր ենթականերն ագրեսիվ պահվածք դրսևորեն կամ ուժ կիրառեն սաների նկատմամբ, Ռուզաննա Նադոյանը պատասխանեց՝ եթե նման բան լինի, կնշանակի՝ հաջորդն օրն իսկ տվյալ աշխատակիցը կհեռացվի աշխատանքից։
«Բացառում եմ, որ մեր մանկապարտեզում նման բաներ տեղի ունենան։ Շատ վատ եմ վերաբերում երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքին՝ և՛ որպես տնօրեն, և՛ որպես մայր, ծնող։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես էլ երեխաներ ունեմ, ինչպե՞ս կարող է կողմ լինեմ բռնությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաև Երևանի թիվ 34 մսուր-մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ այս պահին արձակուրդում է և ընդամենը մի քանի րոպեով է մտել մանկապարտեզ։
«Իսկ կարո՞ղ եմ չպատասխանել։ Գտնում եմ, որ այս հարցին չպատասխանելն ավելի ճիշտն է»,- ասաց նա։
Մեկ այլ՝ Երևանի թիվ 60 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Զադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ և՛ կողմ է, և՛ դեմ է խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրելուն։
«Ասեմ՝ ինչու եմ կողմ. որովհետև դա ավելի տեսանելի կդարձնի մանկապարտեզի առօրյան, ինձ հնարավորություն կտա տեսնելու ամբողջ ընթացքը։ Իսկ կողմ չեմ հետևյալի համար. եթե մանկապարտեզի տնօրենն իր տեղում է և կարողանում է վերահսկել աշխատանքը, ընդհանրապես կարիք չկա, որ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն։ Իմ պարագայում դա ընդհանրապես անհրաժեշտ չէ, որովհետև ես անընդհատ մանկավարժների կողքին եմ, նրանց աշխատանքը տեսնում եմ։ Կարծում եմ՝ այսպես ավելի արդյունավետ է։
Վերջերս ականատես եղանք մի միջադեպի, որ մասնավոր մանկապարտեզներից մեկում տնօրենը և դաստիարակը տեսախցիկի առջև ծեծում էին երեխային։ Ուզում եմ ասել, որ տեսախցիկների տեղադրումն այնքան էլ արդյունավետ չէ։ Եթե շատ ագրեսիվ դաստիարակը ցանկանա իր «գործն» անել, երեխային կտանի և այնտեղ կանի, որտեղ տեսախցիկներ չկան։ Դա էլ արդյունավետ միջոց չէ»,- ասաց մանկապարտեզի տնօրենը՝ հավելելով, որ ծնողների բողոքի հիման վրա, իսկ հետո նաև անձամբ ականատես լինելով իրենց դայակներից մեկի ագրեսիվ վարքին՝ բոլորովին վերջերս ստիպված է եղել աշխատանքից ազատել նրան (դայակը թեև երեխաներին չի հարվածել, սակայն կոպիտ է վարվել)։
Ըստ Արփինե Զադյանի՝ իր այս արարքը դաս կլինի մանկապարտեզի մյուս աշխատակիցների համար, որոնք մի պահ կցանկանան հարվածել կամ կոպիտ վերաբերմունք դրսևորել սաների նկատմամբ։
«Ովքեր ցանկանում են բարի կամքով աշխատել, թող աշխատեն, ովքեր ոչ՝ թող մեկ այլ աշխատանք փնտրեն։
Ինչ վերաբերում է ծնողներին, ապա նրանք հիմա մի քիչ ավելի ազատություն են ստացել։ Դա վատ է ներազդում մեր աշխատանքի վրա և խոչընդոտում է, որ հանգիստ աշխատենք։ Իրականում ծնողները մեզ չեն վստահում։
Իհարկե, չեմ բացառում, որ մանկապարտեզներում կարող է ծեծ կամ երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք լինել, ուղղակի պետք է շատ հետևողական լինել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։