ՌԴ Կոստրոմա քաղաքի սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, բայց հնարավոր է այս թիվն աճի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններում։
Նշենք, որ գիշերը Կոստրոմայի Նիկիցկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում հրդեհ էր բռնկվել։ Շենքից տարհանվել էր 250 մարդ։ Այս պահի դրությամբ կրակը տեղայնացվել ու մարվել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ ճայթրուկների կամ հրթիռանետ ատրճանակի կիրառումը։ Նշվում է, որ հրդեհի բռնկումից առաջ սրճարանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի այլ հանգամանքները դեռ պարզվում են։