Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի շրջանակներում՝ Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ մատուցվել է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների, հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։Նշվում է, որ տեղի է ունեցել նաև ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Միջոցառումներին ներկա են գտնվել նաև Հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր հայրեր, Հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների, Թեքեյան կենտրոնի, Պոլսահայ միության ներկայացուցիչները, ինչպես նաև Կանադայի հայ համայնքի այլ անդամներ։Հաղորդվում է, որ նույն օրն անցկացվել է նաև ջահերով երթ-մոմավառություն դեպի «Անմահ Հայաստան» հուշարձան:
Օտտավայի Սուրբ Մեսրոպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը կարդացել է հիշատակի աղոթք։
Դեսպանության փոխանցմամբ՝ հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել և դեռ անցկացվելու են Օտտավայում, Տորոնտոյում, Մոնրեալում և Կանադայի այլ քաղաքներում։









