Ամենօրյա ռեժիմով 495 սանմաքրման աշխատակիցները իրականացրել են Երեւանում մաքրությունը. աղբահանություն է կատարել 31 աղբատար մեքենա, 4 փոշեկուլ մեքենաներ իրականացրել են քաղաքի փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվել են 22 ջրցան մեքենաներով. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, թե անցյալ շաբաթ կենցաղային աղբի մեջ թաղված Երևանի աղբահանությունն ինչպես է կատարվել։
Հիշեցնենք, որ անցյալ երկուշաբթի զեկուցվել է, որ աղբահանությունն իրականացնող շարժակազմում շատ են անսարք մեքենաները, ինչի պատճառով աղբն օրերով մնում է Երևանի թաղամասերում։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց ծառայողական քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան. «Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- նշեց նա։