«Թող վեր կենան, հեռուստատեսությամբ հայտնեն՝ էս տարի, եկող տարի ընդունում ենք, մյուս տարվանից չենք ընդունում, ձեր գլխի ճարը տեսեք: Ոչ թե փետրվարին խոսեն, հույսով անեն, պայմանագիրը կապեն, էսօր խաղողը չեն վերցնում: Այսօր մեր մարզի խաղողի 80 տոկոսը այգիներում է: Քաղաքի ժողովուրդն էլ դրսից սպիրտ է առնում՝ մեր տնական օղին թողած»,- Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ արմավիրցի գյուղացին է բողոքում։
Տարվա մեջ 8 ամիս խաղող են մշակում, պայմանագիր են կնքում, վերջում պարրզվում է, որ մթերողն ինքնարժեքով, անգամ դրանից էլ ցածր՝ 100 դրամով է առաջարկում խաղողը գնել։
Արմավիրցի խաղողագործների խնդիրը չի լիծվում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկ ամիս առաջ հանդիպել է նրանց հետ, խոստացել, որ Գագիկ Ծառուկյանի հետ կխոսի, բայց նա էլ ինքնարժեքով է մթերում խաղողը։
«Եթե 120 դրամով տանք, մենք պետության պարտքը ո՞նց տանք, հետն էլ ապրենք, ընտանիք պահենք»,- դժգոհում են գյուղացիները։
Նրանցից մեկը վրդովված ասաց.«Եթե էս հարցը չլուծվի, լրագրողներին հրավիրում եմ իմ այգի, եկեք, նկարահանեք, թե ոնց եմ խաղողը մեջը՝ իմ այգին վարում։ Էսպես չի լինի»։
Գյուղացիներն իրենց հետ մեդալ էին բերել՝ Վահան Քերոբյանի համար։ Խաբելու համար առաջին տեղի մեդալ։ Սպասում են, որ նախարարը նրանց մոտ գնա, իրենք էլ մեդալը նրա պարանոցին կախեն։
Հիշեցնենք, որ խաղողագործների հետ վերջին հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը նրանց խորհուրդ էր տվել հողագործությունը թողնել, գալ քաղաք ու 300 հազար դրամ աշխատավարձով աշխատել։