Մեծ Բրիտանիայի վաղամեռիկ արքայադստեր՝ Դիանայի՝ գառների պատկերով սվիտերը վաճառվել է 1․14 մլն դոլարով։ Այս մասին գրում է «BBC»-ին՝ իր հերթին հղում անելով «Sotheby’» աճուրդի տան պաշտոնական կայքին։
«Արքայադստեր սվիտերի վաճառքի համար նախնական 50-80 հազար դոլար է սահմանված եղել։ Աճուրդն սկսել էր դեռեւս օգոստոսի 31-ին, բայց մինչեւ վերջին օրը Դիանայի հագած հագուստի համար առավելագույնը 200 հազար դոլար էր առաջարկվել։ Վերջին րոպեներին սակայն ամեն բան փոխվել է, եւ անանուն գնորդը հայտնել է, որ «վինձորյան հոտով» սվիտերը պատրաստ է գնել 1․14 մլն դոլարով»,- գրում է «BBC»-ին։
«Warm & Wonderful» բրենդի բրդյա սվիտերը բրիտանացի դիզայներներ Սալլի Մյուրին եւ Ջոհաննա Օսբորնն են հեղինակել։ Լեդի Դին դրանով հասարակությանն առաջին անգամ երեւացել է 1981-ի հունիսին՝ սպորտային մի մրցաշարի ժամանակ։ Միջոցառմանը վաղամեռիկ արքայադուստրն ապագա ամուսնու (ամուսնացել են միջոցառումից մեկ ամիս անց՝ հուլիսին) եւ այդ ժամանակ դեռեւս թագաժառանգ (այժմ՝ թագավոր) Չարլզի հետ է եղել։
Սվիտերն աճուրդի են ներկայացրել բրենդի սեփականատերերը՝ պատմելով, որ արքայադուստր Դիանան, այն գնելուց եւ մի քանի անգամ հագնելուց հետո, վերադարձրել է՝ տեղեկացնելով, թե հագուստն աննշան վնասել է։ Դիզայներներն սակայն որոշել են՝ վերադարձրած սվիտերը՝ «օրիգինալը», իրենց պահել, փոխարենն արքայադստեր համար նորը կարել։
Միջադեպից ավելի քան 40 տարի անց՝ 2023-ի մարտին, «Warm & Wonderful» ընկերության աշխատակիցները, պահեստը կարգի բերելիս, պատահաբար հայտանբերել են «արքայական» սվիտերը։ Եվ բազմաթիվ ճերմակ ու ընդամենը մեկ սեւ գառի պատկերով սվիտերն արքայադուստր Դիանային պատկանող՝ մինչեւ այս աճուրդում վաճառված ամենաթանկ իրն է դարձել։
Ս․Վ․




