Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։
Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե քաղաքական որոշում կայացվի հայցերը փոխադարձաբար հետ կանչելու վերաբերյալ, բոլոր այդ պրոցեսները կմնան օդում կախված՝ Եղիշե Կիրակոսյանն արձագանքեց, որ առայժմ չի կարող այդպիսի բան ասել, քանի որ ամեն դեպքում այս պահին շարունակվում են բոլոր պրոցեսները՝ թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։
Նա հիշեցրեց, որ նաև Ադրբեջանի կողմից գոյություն ունեն երկու արբիտրաժային գործընթացներ ընդդեմ Հայաստանի:
«Ես հիմա չեմ կարող խոսել հայցերը հետ կանչելու մասին, ես կարող եմ խոսել դատական պրոցեսների առկայության և շարունակականության, հետագա քայլերը ձեռնարկելու մասին»,-ասաց Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող բոլոր ՀՀ քաղաքացիների, նաև ազգությամբ հայերի վերաբերյալ դատական պրոցեսներում Հայաստանը ներկայացրել է պահանջներ Եվրոպական դատարանում, դրա մասին նաև խոսվել է Արդարադատության միջազգային դատարանում։
«Այս փուլում Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարտը բոլոր պահվող անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»:
Եղիշե Կիրակոսյանի բնորոշմամբ՝ Հայաստանն ակնկալում է բոլոր գերիների մասով մանրամասն տեղեկատվություն՝ նրանց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլնի մասին։
«Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ մենք ստանում ենք, նաև փոխանցում ենք պահվող անձանց հարազատներին, նրանց հետ կապի մեջ ենք: Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը վերաբերվում է հենց այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և նրանց ապօրինի ազատությունից զրկելու հարցին»,-ասաց Կիրակոսյանը:
Խոսելով միջազգային դատական հայցերից հրաժարվելու վերաբերյալ Բաքվի կողմից հնչող պահանջի մասին՝ Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է։
«Հետևաբար, ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել։ Միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է՝ ժամանակակից աշխարհում ընդունված: Բնական է, որ դժվար կլինի պատկերացնել, որ մենք վեճ չենք ունենալու՝ հաշվի առնելով այն պատմությունը, որ մենք ունեցել ենք տասնամյակների, հարյուրամյակի ընթացքում, իսկ վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ, որովհետև այդ դատական պրոցեսները, նաև երկուստեք պահանջներ ներկայացնելը կարևորագույն վարժություն են, և դա չանելը չեմ կարծում, որ ճիշտ կլինի»,-նշեց Կիրակոսյանը:
Նա նաև նկատեց, որ միջազգային հարաբերություններում և պրակտիկայում հնարավոր են նաև իրավիճակներ, երբ երկրները միմյանց հետ ունեն ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ բարիդրացիական կապեր, սակայն միաժամանակ ունեն նաև վիճելի հարցեր։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածներից է շարունակում մնալ երկու երկրների կողմից միջազգային դատարաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը փոխադարձաբար հետ կանչելու կետը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում կարելի է փոխադարձաբար հետ կանչել միմյանց դեմ հայցերը միջազգային դատարաններում։
Infoport