Եթե «նոր Հայաստանում» շփոթված կամ գուցե վստահ քայլելիս մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ Էդուարդ Շարմազանովը` բացի ԱԺ փոխնախագահ լինելուց, նաեւ ՀՀԿ մամուլի քարտուղարն է: Այսինքն այն, ինչը ասում է Շարմազանովը, ասում է ՀՀԿ-ն: Իսկ Շարմազանովը անցնող շաբաթ մի ցնցող բան է ասել: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Մենք ներողություն ենք խնդրում»: Հասկանալի է, որ «Մենք», այսինքն ոչ թե Երեւանի մանկավարժական համալսարանի շրջանավարտները, այլ ՀՀԿ-ն: Բայց Շարմազանովը կարեւոր հավելում է արել` «Մենք ներողություն ենք խնդրում մեր չարածի համար»: Այսինքն այն, ինչը տարիներ շարունակ արել է ՀՀԿ-ն, իսկ տարիներ շարունակ Հայաստանում միայն ՀՀԿ-ն է արել, Հայաստանում եւ Հայաստանին, դրա համար կուսակցությունը ներողություն չի խնդրում, այլ խնդրում է այն ամենի համար, ինչը կարող էր անել, կամ պարտավոր էր անել, կամ կուզենար անել, բայց չի արել, չի ստացվել, կամ չի հասցրել: Իսկ ո՞վ է ասել պարոն Շարմազանովին, որ ՀՀԿ-ն պետք է ներողություն խնդրի հենց ու հատկապես չարածի համար, գուցե հայ ժողովուրդը պետք է շնորհակալությո՞ւն հայտնի ՀՀԿ-ին, որ բաներ կան, որոնք կուսակցությունը չի արել: Դե ասենք, կարող էր վերջին ընտրություններին ոչ թե 55 տոկոս խփեր, այլ 75, կամ կարող էր Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը (ըստ միջազգային հետազոտությունների) ոչ թե 3,88 լիներ, այլ 2,88, արտաքին պարտքը կարող էր ոչ թե շուրջ 7 միլիարդ ամերիկյան դոլար կազմեր, այլ 17 միլիարդ, վերջին տասը տարում Հայաստանից անվերադարձ կարող էր ոչ թե 380 հազար մարդ հեռանալ, այլ 1 միլիոն 380 հազար, աղքատությունը կարող էր ոչ թե ավելի քան 30 տոկոս լիներ, այլ շուրջ 60 տոկոս, Հայաստանը կարող էր ոչ թե 800 հեկտար ամայի հող հանձներ Ադրբեջանին, այլ 1800 հեկտար, կամ 400 հեկտար, բայց ոչ ամայի, ապրիլյան պատերազմի ժամանակ կարող էր ոչ թե 100-ից ավելի զինվոր զոհվել, այլ 1000-ից ավելի… Մի խոսքով, այս ամենը կարող էր լինել, բայց ՀՀԿ-ն այդպես չի արել ու դրա համար ներողություն է խնդրում: Այսինքն նորմալ է, որ Երեւանի քաղաքապետարանում գործող «Երեւան» հիմնադրամը պարտադիր «նվիրատվություններ» է ընդունել, որպեսզի քաղաքապետարանը կառուցապատման թույլտվություն տա, նորմալ է, որ հարյուրավոր մարդիկ անհատ ձեռներեց են, բայց իրենք այդ մասին չգիտեն, նորմալ է, որ քաղաքապետի թիկնապահը օրը ցերեկով մարդ է ծեծում, իսկ քաղաքապետն էլ իբր տեղյակ չէ իր թիկնապահի անձնական գործերից, նորմալ է, որ ուսուցիչներ կան, որ Եհովայի վկա են, ուսուցիչներն էլ կան, որ հանրապետական (շատերն իրենց կամքից անկախ) են, նորմալ է, որ դատավորները մինչեւ օրս շփոթված են, քանի որ Բաղրամյան 26-ից իրենց ծանոթ ձայնը չի անհանգստացնում, նորմալ է, որ գեներալ Մանվելը թույլ չի տալիս ոստիկանապետ Վովային, որ մարդ բռնի, նորմալ է, որ մարդկանց մեջ այնքան բողոք է կուտակվել, որ նույնիսկ անձնական պահանջները բավարարելու համար են փողոց փակում, եւ վերջապես նորմալ է, որ խիյարը թարս է աճում: Այս ամենի ու այլ բաների համար ներողութուն խնդրելու կարիք չկա, դե հիմա արել ենք` լավ ենք արել, կամ թույլ եք տվել` արել ենք, կարող էինք ավելին անել, բայց չենք արել, ինչի համար էլ ներողություն ենք խնդրում:
Ու մինչ դուք մտածում եք ՀՀԿ-ին ներել-չներելու հարցի շուրջը, ասեմ, որ դա Հանրապետականին ամենեւին էլ պետք չէ: Նախ ժողովրդի մասին մտածում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, բացի այդ հաճախ ներողություն ես խնդրում ոչ թե ներվելու համար, այլ մղկտացնելու ցանկությամբ…Օրինակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան եւ Մոնթե Մելքոնյանի մահվան օրը, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Պանթեոն` Մարգարյանի շիրիմին, մի կին, տեսնելով երրորդ նախագահին, հանկարծ մղկտալով քայլ արեց ու բացականչեց. «Վայ, պարոն նախագահ ջան, ո~նց էի կարոտել, վաղուց չէի տեսել…»: Այնպես որ` ներել չի կարելի կախել: