Շաբաթ, Մայիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈՖ. ԳԵՎՈՐԳ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Գիտության նվիրյալը եւ նրա վաստակը հայագիտության զարգացման գործում

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, բանասեր եւ գրականագետ Գեւորգ Բարդակչյանը ԱՄՆ-ի հայագիտական շրջանակներում աշխատող ամենավառ անհատականություններից է, որն իր գիտական եւ մանկավարժական գործունեությամբ մեծ աշխատանք է իրականացնում հայագիտության զարգացման եւ տարածման գործում: Ծնվելով Բեյրութում եւ ապա ապրելով Դամասկոսում, իր հետագա կրթությունը ստացել է Մայր հայրենիքում ՙ Երեւանի Պետական համալսարանում, որն ավարտել է որպես գրականագետ-բանասեր: Հետագայում կրթությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ դոկտորականը պաշտպանելուց հետո իր գիտական գործունեությունը իրականացրել է հռչակավոր Հարվարդի համալսարանում: 1987թ.-ից ստանձնել է Միչիգանի համալսարանի նորաստեղծ Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը, իսկ 1995-2008թթ. եղել է նույն համալսարանի հայագիտական ծրագրերի տնօրենը: 2011թ.-ից դարձել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Պրոֆեսոր Բարդակչյանի գիտական հսկայական ժառանգությունը նվիրված է ուշ միջնադարի եւ նոր շրջանի պատմությանը, գրականությանը եւ մշակույթին: Արժանի է հիշատակման «Յակոբ Պարոնեանի այլաբանական կարգ մը երկերու պատմական դէմքերն ու դէպքերը» աշխատությունը` տպագրված դեռ 1980թ.: Հետագայում (1985) տպագրվեց նրա «Հիտլերը եւ հայերի ցեղասպանությունը» անգլերեն աշխատանքը, որում հիմնվելով մինչ այժմ անհայտ արխիվային փաստաթղթերի վրա, հեղինակը ապացուցել է, որ ծրագրելով հրեաների զանգվածային ոչնչացումը, նացիստական Գերմանիայի ղեկավարը որպես նախադեպ ընդունել է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը:

Պրոֆեսոր Բարդակչյանի գիտական գործունեությունն ու նրա 75-ամյակն էր առիթը, որ հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի դահլիճում միջոցառում իրականացվեց նվիրված վաստակաշատ գիտնականին ու նրա գիտական գործունեությանը: Այդ օրը կայացավ նաեւ նրա «Պատմաբանասիրական հոդվածներ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը, որը կազմակերպվել էր ԳԱԱ նախագահության կողմից, եւ որը ղեկավարում է ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, մասնակցում էին նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ակադեմիայի մի շարք անդամներ, տարբեր գիտնականներ, ընկերներ, ընտանիքի անդամներն ու համակուրսեցիները:

Բավականին ջերմ մթնոլորտում տեղի ունեցած քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը , որը ներկայացրեց վաստակաշատ գիտնականի անցած գիտական ուղին եւ նրա դերը Հայաստանում գիտության զարգացման գործում: Հիշելով եւ պատմելով, թե ինչպես Երեւանի Պետական համալսարանի դժվար տարիներին գիտնականն օգնեց մայր բուհին, որի շրջանավարտը նաեւ ինքն է եղել, ոտքի կանգնելու եւ գոյատեւելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ նախարար Հրանուշ Հակոբյանը , որը ներկայացրեց պրոֆեսոր Բարդակչյանի անցած գիտական ճանապարհը եւ նրա դերը Սփյուռքում հայագիտության տարածման գործում: Ելույթ ունեցան ԳԱԱ անդամ Յուրի Սուվարյանը , Սամվել Մուրադյանը, որը ներկայացրեց օրվա հոբելյարի ուսանողական տարիները ԵՊՀ-ում: Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը , որը ներկայացրեց օրվա հոբելյարի «Պատմաբանասիրական հոդվածներ» գիրքը: Դեվրիկյանը մանրակրկիտ կերպով անդրադառնալով գրքում տպագրված հոդվածներին, մատնանշեց, որ նման աշխատանքի տպագրության գաղափարը վաղուց էր հասունացել, սակայն նախկինում հնարավոր չէր լինում դրանց անդրադառնալ եւ միայն այժմ, այս պատեհ առիթով հնարավոր եղավ հավաքել ու իմի բերել հեղինակի հոդվածները ու այս գրքում ներառել հեղինակի թե՛ գրականագիտական եւ թե՛ պատմագիտական լավագույն աշխատանքների ընտրանին:

Վերջում ելույթ ունեցավ պրոֆեսոր Բարդակչյանը, ով իր ելույթը բնութագրեց որպես ներկաներին հաշվետվություն իր անցած կյանքի ուղու եւ իրականացրած գիտական գործունության համար: Անդրադառնալով իր մանկությանը եւ պատանեկությանը` հեղինակը հիշեց իր առաջին «ծանոթությունը» Չարենցի հետ, որի աշխատանքների շնորհիվ ինքը հայտնաբերեց մի նոր Հայ ժողովուրդ ու Հայաստանՙ լուսավոր ու պայծառ, հավատով ու հույսով լեցուն: Պրոֆեսոր Բարդակչյանը շեշտեց, որ միշտ հպարտ է եղել լինել Երեւանի Պետական համալսարանի շրջանավարտ, փաստՙ որը հայաստանյան բուհերում ուսում ստացած եւ հետագայում Արեւմուտքում վերապատրաստված որոշ սփյուռքահայեր աշխատում են թաքցնել:

Հետագայում 14 տարի դասավանդել է Հարվարդում` աշխատակցելով Ռոբերտ Թոմսոնի եւ այլ հայագետների հետ, որոնք, ինչպես ներկայացրեց հեղինակը, մեծամասամբ զբաղվում էին միջնադարյան հայկական մշակույթով: Հաջորդ սերունդը, որի ներկայացուցիչն է նաեւ իրեն համարում Բարդակչյանըՙ իրենց գործը համարեցին դասագրքեր պատրաստելը, «մենք ցանկանում էինք դասավանդել լեզու, գրականություն, պատմություն, բայց դասագիրք չկար»: Պրոֆեսոր Բարդակչյանը նշում է, որ իրենք պատրաստեցին մի շարք դասագրքեր անգլերեն լեզվով հայագիտություն դասավանդելու համար:

80-ական թվականներից մեծ պայքար սկսվեց հայ եւ թուրք ու թուրքամետ պատմաբանների միջեւ, «թեժ պայքար էր ընթանում գիտաժողովներում մեր պատմության հանգուցային հարցերի շուրջը, որտեղ մենք ցանկանում էինք ցույց տալ, թե որտեղ է իրականությունը»: Պրոֆեսոր Բարդակչյանը այդ շրջանը համարում է որոշ իմաստով բացասական, քանի որ այդ տարիներին ավելի շատ զբաղվում էր ոչ թե գիտական, այլ հրապարակախոսական գործունեությամբ:

Իր գործունեության հաջորդ շրջանը պրոֆեսորը համարում է Հայաստանի անկախացման շրջանը: Իր դասախոսական 40 տարիների ընթացքում նա ունեցել է հարյուրավոր ուսանողներ եւ մեծ թվով ասպիրանտներ: Այդ ուսանողների մեծ մասը արտասահմանցիներ էին, որոնք այժմ աշխատում են տարբեր համալսարաններում, «հուսով եմ, որ նրանք մի փոքր մասով փոխանցում են իրենց ուսանողներին այն, ինչը որ ես եմ նրանց փոխանցել»: Կարեւոր է եղել կապը հայաստանյան գիտնականների հետ, «եղել են տարաձայնություններ Սփյուռքի եւ Հայաստանի գիտնականների միջեւ եւ աշխատել եմ, որ նստենք ու խոսենք, փաստերով եւ տրամաբանությամբ»: Տարաձայնությունների պատճառներից մեկը եղել է տարբեր լեզուներով գրելը եւ միմյանց աշխատանքներին ծանոթ չլինելը, ու նպատակն է եղել երկխոսության միջոցով ծանոթանալ նաեւ իրար հետ:

1988-2008թթ. հիմնել է նաեւ Երեւանում ամառային ինստիտուտը, սկսած ԽՍՀՄ-ի ժամանակներից: Կառլեն Դալլաքյանի աջակցությամբ ստեղծված այդ ամառային դասընթացները մեծ թվով արտասահմանցի ուսանողներ բերեց ու հիմա այդ մարդիկ զանազան տեղերում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում: «Եվ միշտ գալիս էի Հայաստան լիցքավորվելու, հայրենի հողը զգալու համար»,- ասում է օրվա հոբելյարը: Վերջում պրոֆեսոր Բարդակչյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ շեշտեց, որ սա ընդամենը միջանկյալ հաշվետվություն է եւ ինքը հետագայում եւս շարունակելու է իր գիտական գործունեությունը եւ ընդմիջել այն չի պատրաստվում:

Մեր կողմից եւս վաստակաշատ գիտնականին մաղթում ենք առողջություն եւ ցանկություն հայտնում, որ նրա գիտնականի արթուն միտքն ու բեղուն գրիչը շարունակի ստեղծագործել:

«Ազգ»ի խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ հայագետին հոբելյանի առիթով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕՙ ԱՌԱՆՑ ՕՍԻԱՅԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ

Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին

17/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կողմից Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողություն է  տեղի  ունեցել մայիսի 17-ին. հաղորդում է «Минск-Новости»...

ԿարդալDetails

Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»

17/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

17/05/2025

Արամ Սարգսյան, ո՞ւր է 226 մլն դրամը. Արթուր Չախոյան

17/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բելառուս

17/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական