Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայկական կողմը անօդաչու թռչող սարք է խոցել։ Հիշեցնենք, որ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը 00։10-ի սահմաններում մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել՝ հավելելով՝ հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Քաղաքապետը, որը խոստացել էր պարզել պայթյունի հանգամանքները, այժմ անհասանելի է։ Տեղեկացանք նաև, որ որոտացել է ևս մեկ պայթյուն, սակայն արդյոք այս անգամ անօդաչուն խոցել հաջողվել է, թե ոչ՝ տեղեկությունները հակասական են․ Վարդենիսից մեզ փոխանցում են, որ ԱԹՍ-ն խոցվել է, սակայն ՊՆ մեր աղբյուրը խոցումը չի հաստատում։ Այս պահին աշխատում է ՀՀ ԶՈւ ՀՕՊ համակարգը։ Թե քանի անօդաչու թռչող սարք է այժմ Վարդենիսի երկնքում՝ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ արդյոք խոցված անօդաչուն հետախուզական է, թե հարվածային։ Հիշեցնենք` հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը 10։40-ից հաստատվել է հրադադար։ Սակայն հրադադարը պարբերաբար խախտվում է ադրբեջանական կողմից, հայկական կողմը հուլիսի 29֊ի առավոտյան հայտնեց եւս մեկ վիրավորի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/399459.html
© factor.am