Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ ռուս մարզիկները պետք է մասնակցեն Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։
Նրա խոսքով, եթե միջազգային սպորտային կազմակերպությունները, ինչպիսին է Միջազգային օլիմպիական կոմիտեն, թույլ են տալիս Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել այդ խաղերին, ապա պետք է համոզվել, որ նրանք չեն ներկայացնելու իրենց երկրները, նրանց կողմից ազգային դրոշների օգտագործումը, զինանշանները և օրհներգերը պետք է արգելվեն։
Անցյալ շաբաթ ՄՕԿ-ը որոշեց, որ չեզոք դրոշը կրող ռուս մարզիկներին պետք է թույլատրվի մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ ամբողջական արգելքը կնշանակի խտրականություն:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով սա հերթական պատժամիջոցն է, որ կիրառում է Արևմուտքը՝ արգելելով ազգային դրոշի և օրհներգի օգտագործումը մրցույթներում։
Որոշ երկրներ կարծում են, որ ռուս մարզիկներին ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ մասնակցել Օլիմպիական խաղերին, իսկ Ուկրաինան և Լատվիան սպառնացել են բոյկոտել սպորտային միջոցառումները, եթե թույլ տան մասնակցել ռուսներին. հայտնում է BBC-ն։