Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չորրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկներից երկուսը հաղթանակ են տարել:
48 կգ քաշային կարգում Լուսինե Գևորգյանը հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Կարմեն Խորվաթին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Գոռ Ազիզյանը (57 կգ) առավելության է հասել էստոնացի Ֆյոդոր Կամանինի նկատմամբ և հաջորդ փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Ալի Շաավանի հետ։
50 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Մահուր Մարիկյանն ու 52 կգ քաշային Ռիտա Վարդանյանը պարտություն են կրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Միսկարյանը (71 կգ) 5-0 հաշվով հաղթել էր ալբանացի Բեսիան Կարաջին: Նույն առավելությամբ Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) հաղթել էր բոսնիացի Ալի Ալջիվոյին: Յուրա Բաբլումյանը (67 կգ) մեկնարկում ուժեղ էր գտնվել բոսնիացի Էրմադ Սանովիչից:
Լիլիթ Ասատրյանը (65 կգ) առաջին մենամարտում պարտվել է խորվաթ Մարիելա Ստեկոյին և դուրս մնացել պայքարից:
Մինչև այս հաղթանակով էին մեկնարկել նաև Ալբերտ Հարությունյանը (+92 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Էրիկ Առուստամյանը (54 կգ):