Հուլիսի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Սուխումիի պետական համալսարան՝ վերջինիս ռեկտոր Զուրաբ Խոնելիձեի հրավերով։ Այս մասին հայտնել է ՀՀ դեսպանությունը։
«Ռեկտորի հետ ունեցած առանձնազրույցից հետո ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ա.Սմբատյանն ընդգծեց համալսարանական դիվանագիտության նշանակությունը Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղության հաստատման հարցում։
Այս համատեքստում կարևորելով համալսարանականների՝ տարածաշրջանում առկա խնդիրների և անկախ աշխարհագրությունից ու ազգությունից մարդու իրավունքների խախտումների անընդունելիության մասին ազատ և անկաշկանդ խոսելու հնարավորությունը՝ ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը»,- գրել է դեսպանության մամուլի ծառայությունը։